Եվ ճիշտ է արել «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական միությունը, որ կառավարությանը վատագույն աշխատանքի գավաթ է հանձնել: Ի՞նչ են արել այս կառավարությունն ու ԱԺ մեծամասնությունը ժողովրդի հոգսը թեթեւացնելու համար: Գործազրկության նպաստը վերացրին, թոշակներն էլ պտտեցնում են ու ուշացնում այնքան, մինչեւ թոշակառուների «շունչները բերաններից դուրս գա»: Խնայբանկի ավանդների հարցն էլ տարիներ շարունակ չեն լուծում: Գների աճը խրախուսում են ու աչք փակում գնային մաֆիայի գործունեության հանդեպ: Հիմա էլ որոշել են 1974թ. հետո ծնվածների աշխատավարձի 5 տոկոսը բռնագանձել, ու անունը դրել են «կենսաթոշակային բարեփոխում»: Ամեն օր հանրապետությունում ավտովթարներ են լինում, զոհերի թիվը հավանաբար հազարների կհասնի տարվա կտրվածքով: Ինչու՞ չեն ուսումնասիրություն, մոնիտորինգ կատարում, թե որոնք են վթարների հիմնական պատճառները` վատ ճանապարհնե՞րը, անորակ անվադողե՞րը, ներմուծվող անորակ մեքենանե՞րը, փողով ստացած վարորդական վկայականնե՞րը, թե ալկոհոլը: Տաքսու վարորդներին ամեն անգամ մի գույնի համարանիշ են պարտադրում՝ հավելյալ գումարներ կորզելով: Խանութներին էլ պարբերաբար նոր հաշվիչ դրամարկղեր են պարտադրոմ, ինչն էլ նպաստում է գների բարձրացմանը: Ուսանողության ուսման վարձը, տրանսպորտի գինն են անհիմն բարձրացնում: «Ազատություն» ռադիոկայանով մի երթուղայինի վարորդ իրավացիորեն նկատեց, որ ոչ թե ուղեւորավարձը պետք է բարձրացնել, այլ՝ գծատերերի ախորժակը չափավորել: Եվ առհասարակ, ինչո՞ւ պետք է գոյություն ունենա «գծատեր» հասկացությունը: Այդ դեպքում տեղին կլինի, եթե կառավարման ձեւ սահմանվի «Հայաստանի մաֆիոզ կլանային հանրապետություն» հասկացությունը. մանավանդ, որ բոլոր ոլորտներում էլ ստվերային «մաֆիա» կա՝ սկսած շաքարավազի մենաշնորհից, վերջացրած դեղորայքով: Աղետի գոտում, մայրաքաղաքում հարյուրավոր վթարային շենքեր կան, երկրում մեծ տոկոս են կազմում աղքատները, իսկ խորհրդարանի պատգամավորներն իրենց աշխատավարձերի բարձրացման հարցն են քննարկում: Ընդդիմությունից էլ մեկն ու մեկը, եթե փորձում է որեւէ ժողովրդանպաստ հարց բարձրացնել, խոսափողն անջատում են. այնպես, ինչպես երբեմնի թունդ ընդդիմադիր Սադոյանի խոսափողն էին անջատում, երբ ջրի կամ հեռախոսավարձի բարձրացումից էր խոսում: «Սուր անկյունն» ամեն անգամ մի ծայրահեղ թշվառության մեջ ապրող ընտանիք
է ցույց տալիս (գոմում ապրող, խոտե ներքնակի վրա քնող), ուսումը կիսատ թողած անչափահասներ, որոնք օրավարձու չարքաշ աշխատանք են կատարում: Պարբերաբար ավելանում է մուրացիկների, թափառաշրջիկների, անօթեւանների թիվը, իսկ «վերեվներում» ցոփ ու շռայլ կյանք են վարում ՝ բյուջետային միջոցների ներգրավմամբ եւ դեռ էլի փող «մուրում դրսերից»: Դե նրանք էլ (զանազան հիմնադրամներ, վարկային ընկերություններ, խոշոր բանկեր) «խաթրագերի»՝ տալիս են ու անվերջ տալիս: Ուկրաինայում նախկին վարչապետ Տիմոշենկոյին դատում են ՝ թանկ գնով գազի պայմանագիր կնքելու համար, իսկ մեր կառավարությունն ամենեւին ետ չի մնում նույնատիպ գործելակերպից, եւ թանկ գնով պայմանագիր է ստորագրում, բայց՝ հեռատեսորեն թաքցնում է այն ընդդիմադիր պատգամավորներից: Իբր ժողովրդի սոցիալական հոգսերը շատ են լուծել, հիմա էլ ողջ օրը չես հասկանում «գենդերի օրենքի» նախագիծը գովազդու՞մ են, թե հակագովազդում: Էդ չարաբաստիկ «գենդերը» ներմուծել են նաեւ հեռուստատեսություն, ու անխնա շահագործում ու շահարկում են սերիալներում: «Էն որձ կապիկներն ինչի՞ են պարապ նստած: Ոչինչ, հեսա, որ գենդերի օրենքն ընդունեն, մի բանով կզբաղվեն»,-հեգնում է «Վիտամին» ակումբի Գարիկը՝ ռուսախոս հաղորդավարուհու իմիջ ընդունած, որ իբր այցելել է «կենդանաբանական գազանանոց» ու «զմայլվում» է այդտեղ գտնվող արական սեռի ամեն ինչով (ներառյալ գազանանոցի պահակը, որի մասին, իբր, գազանանոցի տնօրենն ասում է, որ «հարյուր տոկոսանոց որձ» է): «Երե-1»-ի տաքսու վարորդ Մշեցի Առաքելն էլ իր ցինիկ ու լկտի ուղեւորներին պատժելու համար մերկացնում, իրարից կապում ու «Կոմայգի» է տանում (խեղճ «Կոմայգին» խորհրդային տարիներին հարգված վայր է եղել, տարեցներն իրենց հանգիստն են անցկացրել այնտեղ, հիմա դարձրել են համասեռամոլների վայր ու էլի չես հասկանում. հեռուստատեսությամբ գովազդու՞մ են «Կոմայգին»՝ իր նոր կարգավիճակով կամ «սեռական կողմնորոշմամբ», թե՝ հակագովազդում. հավանաբար առաջինը, որպեսզի Եվրոպային ցույց տան, որ մեր մոտ «հարգվում» են համասեռամոլների իրավունքները ու «բարի» աչքով» նայեն, վարկերից ու դրամաշնորհներից չզրկեն): Բայց, մյուս կողմից, մեր արիացեղ ժողովրդի սիրտը մտնելու նպատակով սերիալներում անվերջ շահարկում են «գենդերն» ու «Կոմայգին»՝ դարձնելով հայհոյանքի ատրիբուտ: Օր չկա, որ երգիծական սերիալներում «գենդերն» ու համարժեք այլ բառեր չնենգափոխվեն, հայհոյանքի ատրիբուտ չդառնան (Դիտեք «Վիպոյանական» սերիալն ու կհամոզվեք): Որքա՞ն կարելի է մարդկանց լսելիքն աղավաղել ու նոր, այլասերված բառապաշար ներմուծել հասարակություն: Առանց այդ էլ հասարակության մի զգալի մասը բավականաչափ փչացածություն ունի: Ի՞նչ է, երկրում ուրիշ խնդիրներ չկա՞ն, բացի «գենդերացավով» տառապելը:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ