«Պատրաստվե՛ք ձեզ ծեր զգալ»:

Ես Թվիթերում սա գրեթե ամեն օր կարդում եմ: Սա հիշեցնում է այն մասին, որ իմ տարիքի մարդկանց համար (ես ծնվել եմ 1970 թ.-ին) ինչ-որ լավ բան մնացել է անցյալի հուշերում: Այսինչ մեծ իրադարձությունը կատարվել է 25 տարի առաջ, այնինչ արտասովոր բանը տեղի է ունեցել 30 տարի առաջ: Ես հաճախ համեմատություններ եմ անցկացնում. ասենք, երբ սկսեցին հեռարձակել այսինչ հեռուստասերիալը, ես նոր էի համալսարան ընդունվել: Սակայն ես կարծում եմ, որ ժամանակն է կանգ առնել: Մի տեսակ անշնորհքություն կլինի բողոքել քո կնճռոտված դեմքից, երբ կողքիդ կա մեկը, ով քեզնից առնվազն մի տարով մեծ է: Կամ 10 տարով: Կամ 30: Նման բողոքներով դու ասես նրան էլ խոցես: Ինչո՞ւ պետք է զարմանաս, որ 30 տարի առաջ կատարված բաները այնքան էլ հեռավոր անցյալի իրադարձություններ չեն թվում:

Hands of different ages in a circle.

15 տարեկանում քեզ թվում է, թե 30 տարեկանը այնքա՜ն մեծ տարիք է, իսկ երբ լրանում է 43 տարեկանդ, հասկանում ես, որ դա իրականում այդպես չէ:  Ես քաջ գիտակցում եմ, որ սխալվում էի դեռահասության տարիներին, կարծելով, թե այս տարիքին հասնելով, ես ինձ ուրիշ մարդ կզգամ, մի մարդ, ով այլևս ունակ չէ ապրել ներկայում կատարվող իրադարձություններով, մի մարդ, ով չի կարող գնահատել հիմար կատակները կամ կիրք զգալ, կամ լսել լավ երաժշտական խմբերի: Երբ հակասություն ես նկատում, թե ինչպես էիր պատանի ժամանակ պատկերացնում ինքդ քեզ 30 տարի անց և, թե ինչպիսին ես իրականում, դու կարող ես փոխել պատկերացումներդ կամ ինքդ փոխվել` պատկերացումներիդ համապատասխանելու համար: Հեռավոր անցյալի պատառիկներ հիշելով` ես ինձ ծեր չեմ զգում: Ես համակվում եմ արտասովոր նոստալգիայով, սակայն դա ինձ չի կոտրում, քանի որ ես նույն կերպ եմ ընկալում ժամանակը, ինչ դեռահասության տարիներին: Կյանքը մեզ բոլորիս դասեր է տալիս: Ի՞նչ կարիք կա ձևացնել, թե մենք դեռ այն միամիտ երիտասարդն ենք, որ դասեր չի քաղել կյանքից: Դա նույնն է, ինչ ձևացնես, թե երիտասարդ ու հիմար ես: Իրականում ես շատ առումներով նույնն եմ մնացել: Ես հիմա հիմնականում անում եմ այն, ինչ երիտասարդության տարիներին. ես փորձում եմ բացահայտել աշխարհը:

Մենք գիտենք, որ հատկապես կանայք են երիտասարդություն տենչում: Նրանք որոշ դեպքերում անգամ թաքցնում են իրենց տարիքը: Սակայն ի՞նչ իմաստ ունի ձևացնել, թե դու տեսնում ես աշխարհն այնպես, ինչպես 16 տարեկանում: Կրկին երիտասարդ դառնալու համար ես պետք է ամեն ինչ նորից սկսեմ: Իսկ ես չեմ ուզում բաց թողնել ներկայիս նվաճումները: Եթե հիմա սկսեմ սգալ իմ տարիքը, դա անշնորհակալ պահվածք կլինի: Դա անարգանք կլինի իմ անցած ճանապարհի հանդեպ, առանց որի ես այսօր այստեղ չէի լինի: Եթե ջնջեք կյանքիս շրջաններից որևէ մեկը, որքան էլ որ ես ատած լինեմ այն ժամանակին, դա ինձ ցավ կպատճառի:  Ահա, թե ուր եմ ես հասել, և ահա, թե որքան ժամանակ է պահանջվել դրա համար:

Նոստալգիան երկնային զգացողություն է, սակայն այն պետք է ներշնչի մեզ առաջ ընթանալ: Անընդհատ հետ նայելով` մենք այդպես էլ կթաղվենք տարիների փոշու մեջ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել