Եթե Ազատ Օրդուխանյանի հեռացումը որեւե առնչություն ունի Վահան Հովհաննիսյանի նշանակման հետ, ապա դա ամենախայտառակ ու դավաճանական քայլն է եվրոպական հայության եւ ողջ Սփյուռքի հանդեպ: Պրն Օրդուխանյանը, իմիջիայլոց, փայլուն պատմաբան է, ով հեղինակել է գերմաներեն լեզվով «Հայերը Գերմանիայի պատմության մեջ» արժեքավոր աշխատությունն ու անգնահատելի ուսումնասիրություններ էր արել գերմանական համակենտրոնացման ճամբարներում հայերի ինքնակազմակերպման ու արժանապատիվ դիմադրության մասին: Այդ հոդվածները տպագրվել են «Անիվ» ամսագում մի քանի տարի առաջ: Այս աշնանը ես Գերմանիայում հանդիպել եմ պրն Օրդուխանյանի հետ, եւ նա անգնահատելի մասնագիտական օգնություն է ցուցաբերել հայ կանանց մասին իմ ֆիլմի աշխատանքին, բացահայտելով Գերմանիայի կայսրուհի, ազգությամբ հայ Թեֆանայի պատմությունը, որին այսօր գերմանացիներն անվանում են «առաջին եվրոպուհի», քանզի Բյուզանդիայի հայ կայսր Բասիլիոց Բ քույր այս աղջիկը առաջինն էր մատնանշել գերմանացիների շրջանում քրիստոնեական քաղաքակրթության շուրջը միավորվելու անհրաժեշտությունն ընդդեմ ասիական սպառնալիքի: Նույն Ազատ Օրդուխանյանը կազմակերպեց այս աշնանը «Արմին Վեգներ` ցեղասպանության լուսանկարիչ» ֆիլմիս գերմաներեն օրինակի ցուցադրումը համալսարանական կենտրոն Բոխում քաղաքում գերմանացի եւ այլազգի եվրոպական լսարանի համար, որը ցնցեց ներկաներին ու լուսաբանվեց հինգ-վեց գերմանական թերթերում` ևւս մեկ անգամ ընդգծելով Հայոց Ցեղասպանության հարցի կարեւորությունը Գերմանիայի համար: Ահա ում են այսօր հեռացնում գերմանահայ համայնքի ղեկավարի պաշտոնից... Սա դավադրություն է ու դավաճանություն, այլ խոսք չունեմ!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել