Հայաստանի Հանրապետության ՏՏ ոլորտին ինքան ուշունց եմ տվել՝ հետ եմ վերցնում։ Սա պաշտոնական հայտարարություն է։ Հետ եմ վերցնում, քանի որ իմ աչքերով եմ տեսել, թե ՀՀ մայրաքաղաքի Նոր Նորքի թաղապետարանը որչափ լուրջ ներդրում է ունեցել այդ նուն ՏՏ զարգացմանը՝ զարկ տալով տեղեկատվական տեխնոլոգիաների տարածմանը, այդ տեխնոլոգիաները ժողովրդին հասանելի դարձնելով, ես կասեի՝ ժողովրդի միջումը մխրճելով։

Օգտվելով Սթիվ Ջոբսի մահվանից հետո Էփփլ ընկերությունում տիրող որոշակի ճգնաժամային վիճակից, մայքրոսոֆթաց ուինդոուզ 8.1-ի ձախողման մասին շրջանառվող լուրերից, առաջնորդվելով ՏՏ-ն գերակա ոլորտ դարձնելու մասին ՀՀ կառավարության հայտարարություններով՝ ՀՀ մայրաքաղաքի Նոր Նորքի թաղապետարանը ձեռնամուխ եղավ ագրեսիվ քայլերի, որոնց արդյունքում ՀՀ Երևան քաղաքի Նոր Նորքի որոշ փողոցների ցուցանակներ փոխարինվեցին «պուճուր կարմիր լամփուշկեքային ցուցանակներո» (ՊԿԼՑ)։ ՊԿԼՑ-ներն ունեն մի շարք ակնառու առավելություններ սովորական ստատիկ ցուցանակների նկատմամբ։ Մասնավորապես՝ ՊԿԼՑ-ները գիշերը պսպսղում են կարմիր լույսի երանգներով, մառախլապատ եղանակներին ՊԿԼՑ-ները քաղաքին հաղորդում են խորհրդավոր տեսք՝ ստեղծելով տոնական տրամադրություն, ՊԿԼՑ-ների վրա փողոցների հասցեները գրվում են եռալեզու՝ հայերեն, անգլերեն, ու էն կարևոր լեզվով, և, որ ամենակարևորն է, հասցեները գրվում են վազող տողով։


Այսպիսով, հարակից փողոցներով երթևեկող վարորդները, ՊԿԼՑ-ների մոտ մի քանի րոպե արգելակելու դեպքում հնարավորություն կունենան կարդալ տվյալ փողոցի անվանումը երեք լեզուներով, ինչպես նաև տվյալ փողոցի վրա գտնվող կարևոր վարչա-հասարակական օբյետների անվանումները՝ դարձյալ եռալեզու։

Պետք է նշել, որ, ինչպես բարձր տեխնոլոգիայի արգասիք հանդիսացող ցանկացած ապրանք, այնպես էլ ՊԿԼՑ-ները ունեն օգտագործման պայմաններ, որոնց բավարարելու դեպքում միայն հնարավոր կլինի առավելագույնս օգտվել վերջիններիս ընձեռած բազմաֆունկցիոնալ հնարավորություններից։ Այսպես՝ ենթադրենք դուք երթևեկում եք Գայի պողոտայով և չգիտեք, որտեղ է գտնվում, օրինակ, Մոլդովական փողոցը։ Եթե առաջ պետք է արգելակեիք մայթեզրին որքան հնարավոր է մոտ, որպեսզի մայթով անցնող անթրաշ հոպարին մեքենայի պատուհանից կիսով չափ դուրս ցցված բղավելով հարցնեիք Մոլդովական թեքվելու տեղը, ապա հիմա ապակին սառը եղանակին իջեցնելու կարիք չկա. ՊԿԼՑ-ն տեսնելուն պես արգելակում եք, սպասում մի քանի րոպե, մինչ տողի վրա վազող «...ան փողոց» արտահայտություն տեղը կզիջի «ՀՀ ՊՆ», «Նոր նորքի երկրորդ զանգված», դրանց ռուսերեն տարբերակներին ու դրանից հետո վազող տողով կգրի «Մոլ….դո...վակ...ան փո...ղոց»։ Այնժամ, համոզվելով որ տեղում եք, հանգիստ կշարունակեք ձեր ճանապարհը։

Անհրաժեշտ է նշել, որ կառավարությունը պլանավորում է հանրությանը ներկայացնել ՊԿԼՑ-ների երկրորդ, իսկ հետագայում՝ երրորդ սերնդի սարքերը. համապատասխանաբար՝ ՊԿԼՑ S և FULL HD ՊԿԼՑ։ Սույնով ՏՏ ոլորտում Հայաստանի Հանրապետության առաջընթացն ապահովելու գործընթացը հաջողությամբ կավարտվի և կառավարությունը յուր սևեռուն հայացքը կուղղի մեկ այլ ոլորտի, օրինակ՝ գյուղատնտեսությանը։ Շրջանառվում են LCD մոնիտորներով գութանների արտադրություն հիմնելու մասին խոսակցություններ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել