1. Կառավարությունը 2014թ բյուջեին կից բացատրագրում չի տվել 2013թ աշնան դրությամբ ստեղծված տնտեսական իրավիճակի անաչառ, հստակ վերլուծություն։ Այսպես, ինչպես ուղերձում, այնպես էլ վարչապետի ելույթում նշված են 2013թ կանխանշած մակրոտնտեսական թվերի թերակատարման այսպիսի պատճառներ. համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղեցում, էներգակիրների գների բարձրացում։ Իրականությունն այն է, որ համաշխարհային տնտեսությունը 2013թ աճոմ է վերջին տասնամյակում գրանցված միջին տեմպերից ավելի արագ (3,3%), ԵՄ տնտեսությունը այս տարվա երրորդ եռամսյակում անսպասելիորեն աճ գրանցեց, իսկ 2013թ Հայաստան ներկրված միավոր էներգակրի (ինչպես գազային, այնպես էլ հեղուկ վիճակում) գինն ավելի բարձր չէ, քան 2012թ։ Խնդիրն այլ է. Կառավարության ապաշնորհ ներքին տնտեսական քաղաքականության պատճառով ոչ հեղուկ վառելիքի, ոչ էլ բնական գազի շուկաներում մրցակցություն չունենք։ Առաջարկվում է ուղերձի համապատասխան հատվածը (տնտեսական իրավիճակի վերլուծությունը) հանել և փոխարինել ավելի պրոֆեսիոնալ վերլուծությամբ։
2. Կառավարությոնը որևէ կերպ չի հիմնավորել 2014թ 5,2% տնտեսական աճի ցուցանիշը։ Սա անհավանական է այն պարզ պատճառաբանությամբ, որ վերջին տարիներրին «ներդրումներ/ՀՆԱ» հարաբերակցությունը անշեղորեն նվազում է։ Ուրեմն ի՞նչի հաշվին պետք է ՀՆԱ աճա ապահովվի։ Մի կողմից կառավարությունը պնդում է 2014թ աշխատավարձերի ու թոշակների առաջանցիկ աճի, բյուջեի սոցիալականության թեզի վրա։ Ուղերձի 69-րդ էջում 2014թ համար կանխատեսվում է սպառման առաջանցիկ աճ՝ 3.5%։ Մինչդեռ հաջորդ էջում կանխատեսվում է կապիտալ ներդրումների սոսկ 2.9% աճ։ Ավելին կապիտալ ներդրումները ՀՆԱ կազմում 2012թ 23.8 և 2013թ 22.5%-ից 2014թ կիջնեն 21.8%։ Մյուս կողմից, կարելի էր ենթադրել, որ կառավարությունը փորձելում է տնտեսական աճի հասնել՝ խրախուսելով պահանջարկը (սպառումը)։ Բայց երբ որ նայում ենք 2014-ի տնտեսական աճի կառուցվածքին, ապա այստեղ նախապատվությունը տված է արդյունաբերությանը, գյուղատնտեսության աճը չի փոխվում և մի քանի անկումից հետո ակնկալվում է աճ շինարարության մեջ։ Այսպիսով, 5,2% տնտեսական աճի ոչ մի հաշվարկ չի կարող լինել։ Այնուամենայնիվ, եթե համարենք որ նման հաշվարկներ կան, առաջարկում ենք դրանք բոլոր մանրամասներով ներառել բյուջետային ուղերձում։
3. Որոշ թվեր բյուջեի նախագծում գրված են հենց այնպես, համարյա ծաղրելով հասարակությանը։ Այսպես, ուղերձի 68-րդ էջում կարդում ենք գործազրկության այսպիսի թվեր. 2012թ 17,3, 2013թ 17,2 և 2014թ 17,1%։ Միանգամայն պարզ է, որ, օրինակ, գործազրկության մասով 2012թ չէր կարող լինել 17,3, իսկ 2013թ 17.2 հենց թեկուզ այն պատճառով, որ ըստ ԱՎԾ-ի 2013-ի անցած շրջանում հանրապետությունից մեկնողների և ժամանածների թվերի տարբերությունը կազմում է բնակչության մշտական թվաքանակի 2 և տնտեսապես ակտիվ բնակչության շուրջ 4 տոկոսը։ Առաջարկվում է այս մասն ամբողջովին հանել։
4. Բյուջետային ուղերձից պետք է հանել գործարար ներդրումային բաժինը (2-9 էջեր). արդեն որերորդ ծրագրում ու բյուջետային ուղերձում կրկնվող բառակույտեր են։ Այս ուղղությամբ բյուջեի ծախսերում ոչինչ նախատեսված չէ։
5. Էջ 10-ից հանել առաջին 3 պարբերությունը։ Մարզերի ի՞նչ տնտեսական անհամամասնությունների մեղման մասին է խոսքը։ Համաձայն պաշտոնական վիճակագրության տնտեսության կենտրոնացումը երևանում շարունակվում է։ Կառավարությունն ուն՞ի 1 շնչին ընկնող համախառն ռեգիոնալ արդյունքի հաշվարկի դինամիկան։ Կա՞ն հարթեցման միտումներ։
6. Ուղերձի էջ 16-ում պետք է կոնկրետ գրել, թե ի՞նչ է նախատեսվում անել ատոմակայանի նոր էներգաբլոկի շինարարության մասով։ Դրա հետ կապված կոնկրետ փոփոխություններ անել բյուջեում։
7. Էջ 22-ում հիմնավորել ուղևորափոխադրումների գծով երկաթուղին սուբսիդավորելը։ Առաջարկում ենք նշել. մինչև ե՞րբ պետք է այդ սուբսիդիաներն իրականացվեն։ Բացի այդ, առաջարկում ենք սուբսիդավորել ուղևորներին, այլ ոչ թե ուղևորափոխադրողին։
8. Ուղերձի արտաքին քաղաքականության հատվածում Հայաստանը զարգացնում է իր հարաբերությունները և ՌԴ, և ԱՄՆ, և եվրամիության հետ։ Կարծես թե կառավարությանը հայտնի չէ, որ Հայաստանը ՄՄ-անը անդամակցելու որոշում է կայացրել։ Ի դեպ, բյուջեի ոչ եկամուտների, և ոչ էլ ծախսերի մեջ ՄՄ-ին անդամակցելու հետ կապված ոչինչ նախատեսված չէ։ եկամուտների վրա ի՞նչպես է ազդելու ՄՄ անդամակցությունը։ ՄՄ անդամակցության հետ կապված ի՞նչպիսի ծախսեր են պահանջվում։ Առաջարկվում է այս ամենը հստակ ամրագրել բյուջեում։
9. 2014թ բյուջեի ընդհանրական գնահատականն այսպիսին է. 1092 մլրդ դրամ հարկային եկամուտների պայմաններում աճը 2013թ բյուջեի սպասվելիք կատարողականի նկատմամբ կազմում է 11%՝ ուղիղ այնքան, ինչքան տնտեսական աճի և գնաճի արտադրյալն է։ Նկատի ունենալով որ տնտեսական աճի (եթե այն լինի) մեծությունը 5,2% է, իսկ առավելագույն գնաճը 5,5%, ապա ստացվում է, որ ստվերի ու կոռուպցիայի ոչ մի պայքար էլ չի նախատեսվում։ եվ սա մի երկրում, ուր ստվերը կազմում է տնտեսության 39-51%, իսկ կոռուպցիամյի ընկալման ինդեքսով Հայաստանը 174 երկրների մեջ 105-րդ տեղում է։ Առաջարկվում է վերանայել բյուջեի եկամտային մասը և այն առնվազն ավելացնել 90-110 մլրդ դրամով. պրոգրեսիվ եկամտահարկի, ռոյալթիների և թանկարժեք գույքի հաշվին։
10. Առաջարկվում է եկամտահարկի նոր, պրոգրեսիվ սանդղակ մտցնել. մինչև 100հազ դրամ 12%, 100 հազ-ից մինչև 300 հազ. դրամ՝ 24%, 300 հազ. դրամից մինչև 1 մլն դրամ ՝ 30% , 1 մլն դրամից մինչև 5 մլն-ը՝ 36% և 5մլն-ից ավել ստացած եկամտի 40%-ը։
11. ՀՀ 2014թ ՊեՏԱԿԱՆ բյուջեի մասին օրենքով բյուջեի եկամուտները (1134 մլրդ դրամ) հաստատել ոչ միայն մեկ տողով, այլ ըստ հարկատեսակների՝ սահմանելով տվյալ հարկատեսակի գծով եկամուտների նվազագույն ծավալ։
12. Ռոյալթիների մեծության գործակիցը ավելացնել 2 անգամ։
13. Ռոյալթիները կիրառել բոլոր հանքերի վրա։
14. 150 մլն դրամից ավել կադաստրային արժեք ունեցող գույքի հարկման գործակիցը սահմանել 1,5%, իսկ 500 մլն դրամից ավելին՝ 2%։
15. Ի՞նչու է շարունակում անկում ապրել ներդրումներ/ՀՆԱ հարաբերակցությունը։ Ու՞ր են գնում բանկերի վարկերը, որոնց հավելաճը շուրջ 15% է, մինչդեռ տնտեսական աճը՝ 4%։
16. Առաջարկվում է 10%-ոց հարկ սահմանել վերավարկավորման վրա։
17. Սկսել 18 տարին լրացած բոլոր քաղաքացիների եկամուտների և գույքի պաշտոնական հայտարարագրումը։ Խնդիրը պետք է լուծել մինչև 5 տարի ժամանակահատվածում։ 2014թ հանմընդհանուր հայտարարագրման խնդիրը լուծել 50 և ավելի տարիք ունեցող բոլոր քաղաքացիների համար։
18. Պետք է բարձրացվեն օղու, լիկյորների վրա դրվող ակցիզները, իսկ գինու ակցիզն իջեցնել։ Գինենյութի վրա դրված ակցիզը պետք է հաշվանցել ավելացված արժեքի նման։ Մյուս ակցիզային հարկերը պետք է խմբագրել այն հաշվով, որպեսզի ներքին արտադրողները չգտնվեն ավելի վատ պայմաններում, քան ներկրողները։ Միավոր բացարձակ լիտրի հաշվարկով գինու և գինենյութի ակցիզը մի քանի անգամ ցածր պետք է լինի սպիրտային խմիչքների ակցիզից։
19. Պետք է նորմալ կազմակերպել շահութահարկի գանձման աշխատանքները։ Հաշվարկները ցույց են տալիս, որ եթե 2014-ին ՀՆԱ-ն լինելու 4,7 տրլն դրամ, ապա տնտեսությունում ստացվող համախառն շահույթը կազմելու է 1,9-2,0 տրլն դրամ։ Այս պարագայում նկատի ունենալով որոշ ոլորտներում շահութահակի բացակայությունը, ստացվում է որ շահութահարկը պետք է կազմի առնվազն 270 մլրդ դրամ։ Այսօր փաստացի թիվը 2 անգամ ցածր է (2014թ – մոտ 140 մլրդ դրամ)։ Համապատասխան միջոցների ձեռնարկման և քաղաքական կամքի դրսևորման դեպքում արդեն 2014-ին կարելի կլիներ ավելացնել շահութահարկի գծով մուծումները 30 մլրդ դրամով, իսկ 2015-ին ստանալ լրացուցիչ ևս 100 մլրդ դրամ շահութահարկ։
20. Մենաշնորհ ու շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերությունների համար սահմանել լրացուցիչ շահութահարկ՝ մոնոպոլ շահույթի 50%-ի չափով։ Այս միջոցառման ներդրման հետևանքում կարելի է 2014-ին լրացուցիչ ստանալ առնվազն 10, իսկ 2015-ին 25 մլրդ դրամ։
21. Մեկընդմիշտ պետք է լուծել ԱԱՀ վերադարձի խնդիրը հանրապետությունից մեկնող զբոսաշրջիկների, գործարարների, այլ ոչ ռեզիդենտների համար։ ԱԱՀ-ի վերադարձի բացակայությունը և ավիատոմսերի բարձր գները զբոսաշրջության զարգացման հիմնական խոչընդոտներն են։ Այս փոփոխությունները բյուջեի եկամուտները կարող են պակասեցնել մինչև 5 մլրդ դրամով, բայց էապես կխթանեն զբոսաշրջությունը։
22. Պետք է շեշտակիորեն կրճատել գործունեության թույլտվության գծով տրվող լիցենզիաների քանակը։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ արդեն 2014-ին գործող շուրջ 100 լիցենզիաներից կարելի է թողել կեսը, իսկ 2015-ին կրճատել ևս 1/3-ով։ Ի՞նչի համար են, օրինակ, տաքսի վարելու և կադաստրում չափագրում իրականացնելու համար լիցենզիաները։ Այս փոփոխությունները բյուջեի եկամուտները կարող են պակասեցնել մինչև 3,5 մլրդ դրամով։
23. Բոլոր համայնքների սեփական եկամուտները 35 մլրդ դրամ են։ Քանի որ այդ միջոցները բավարար չեն, պետական բյուջեից առ համայնքներ նախատեսված է դոտացիա՝ 79 մլրդ դրամի չափով։ Այսինքն, միջին հաշվով համայնքներն իրենց կողմից տնօրինվող միջոցների ¾-ը ստանում են ֆինանսների նախարարից։ Այսպիսով, տեղական ինքնակառավարումը Հայաստանում ֆիկցիա է, քանզի միջոցների մեծ մասը տրամադրում է կենտրոնը։ Մենք գտնում ենք, սա անթույլատրելի է։ Այս բյուջեով ինչպես և նախկինում սպանվում է տեղական ինքնակառավարումը։ Հարկավոր է, որպեսզի ուղղակի հարկերը ևս (եկամտահարկ, շահութահարկ) ամբողջությամբ կամ մասնակիորեն փոխանցվեն տեղական ինքնակառավարման մարմիններին՝ տնտեսավարող (կամ հարկվող) սուբյեկտի գրանցման հասցեով։ Առաջարկում ենք, 2014թ սկսած տեղական ինքնակառավարման տրամադրության տակ թողնել եկամտահարկի և շահութահարկի 25%-ը։ Գույքահարկի և հողի հարկի գանձման պրակտիկան ցույց տվեց, որ տեղական ինքնակառավարման մարմինները, Երևանի քաղաքապետարանը շատ ավելի լավ են զբաղվում այս “մանր” հարցերով։ Իսկապես, ի՞նչ կարիք կա փողերը շրջաններից բերել Երևան և հետո ետ տանել շրջաններ։ Չ՞է որ դա սպանել է տեղական ինքնակառավարման ինստիտուտը։ Չ՞է որ մեծացնում է կոռուպցիոն ռիսկերը վարչապետի աշխատակազմում և ֆինանսների նախարարությունում։
24. Տնտեսվարող որևէ սուբյեկտ (հիմնադրամներ, կրոնական կազմակերպություններ, ամեն տեսակ բարեգործություն) հարկային արտոնություն չպետք է ունենա։ Սրա բացառումը թույլ կտա 2013-ին մոբիլիզացնել մինչև 5, իսկ 2014-ին՝ 20 մլրդ դրամ։
25. Պետք է բացառել ոչ պետական լոտոների, վիճակախաղերի, զառերի գոյությունը։ Նման ինստիտուտների շահագործման բացառիկ իրավունքը պետք է տրվի ՀՀ Ֆինանսների նախարարությանը։ Գործող տոտալիզատորները, խաղային (մշակույթային) դրույքներ կատարելու հաստատությունները պետք է գործեն պետության ներկայացուցչի հսկողության տակ։ Բոլոր խաղատներում և նմանատիպ ձեռնարկներում պետությունը պետք է ունենա իր ներկայացուցիչը։ Խաղատների նկատմամբ պետական հսկողության սահմանումը թույլ կտա լրացուցիչ հավաքագրել 6 մլրդ դրամ։
26. Պետական բյուջեում բացի փաստացի բացարձակ ծախսերից մի քանի ոլորտների (գիտություն, երեխաների ծծնդաբերության հետ կապված նպաստներ, արտաքին պարտք) համար սահմանել նաև ծախսերի լիմիտ հասկացությունը. ոլորտին թույլատրվում է բյուջեի ծախսերը արդյունավետորեն իրացնելու դեպքում օգտվել լիմիտից և կատարել լրացուցիչ ծախսեր։ Մասնավորապես, գիտության ծախսերի լիմիտը սահմանել ՀՆԱ 1%-ի չափով՝ 40 մլրդ դրամ։
27. Բացառել ՀՀ 2014թ պետական բյուջեի մասին օրենքի հոդված 11-ի 4-րդ և 5-րդ ենթակետերը։
28. Բյուջետային ոլորտի աշխատողների աշխատավարձը բարձրացնել հավասարաչափ՝ եռամսյակներով։
29. Առաջարկվում է բյուջետային ուղերձում առանձին աղյուսակով ցույց տալ 2014թ սպասվող գնաճը և ըստ ոլորտների անվանական ու իրական աշխատավարձերի շարժը։
30. Կոնկրետ տողով միջոցներ նախատեսել սիրիահայերին օգնելու, հայրենիք տեղափոխվելու, նրանց բնակարաններով ու աշխատանքային պայմաններով ապահովելու, հայրենիքում նոր կյանք սկսելու համար դրամագլխով օգնելու նպատակներով և այլն։
31. Առաջարկվում է կոնկրետ միջոցներ հատկացնել պրոֆտեխկրթության մասնակի վերականգման ուղղությամբ։ Դրա հետ կապված կոնկրետ նշել քանի ՊՏՈՒ և ի՞նչ մասնագիտություններ են բացվելու։
32. Առաջարկում ենք 2014-ի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանել 75 հազ դրամ, իսկ միջին կենսաթոշակը միջին բյուջետային աշխատավարձի 30 տոկոսը։
33. Գազի գնի բարձրացման հետևանքները մեղմելու համար առաջարկում ենք հանր պետությունով մեկ ստեղծել գազի, ջրի և այլն սպառման կոոպերատիվներ։
34. Առաջարկում ենք ՀՀ Նախագահի, Կառավարության անդամների և ԱԺ աշխատավարձերը բարձրացնել այսօր, բայց գործողության մեջ դնել 2017թ հունիսի մեկից, իսկ ՀՀ Նախագահինը՝ 2018 մայիսի 1-ից։ Իշխանությունն իրավունք չունի իր աշխատավարձը բարձրացնել։ Գործող իշխանությունը պետք է բարձրացնի հաջորդ իշխանության աշխատավարձը։ Ըննդիմադիր պատգամավորների աշխատավարձն այդ նույն որոշմամբ (օրենքով) պետք է բարձրացվի 2014թ հունվարի մեկից։
35. Բացարձակապես անընդունելի է մատակարարաներին սուբսիդավորելու ընթացակարգը։ Նման գործողություններ մենք տեսնում ենք գյուղացիական տնտեսություններին կամ երկաթուղու ուղևորափոխադրումների պարագայում։ Բոլոր այս սուբսիդիաները փողի կամ սերտիֆիկատների տեսքով պետք է անմիջականորեն տալ սպառողներին՝ գյուղացիական տնտեսություններին, ուղևորներին։
36. 2013-ին անցում կատարել վճարովի զինվորական ծառայության։ Արդեն 2013-ի մայիսի զորակոչիկների մի մասի համար սահմանել 2012-ի փաստացի ձևավորված միջին բյուջետային աշխատավարձին հավասար վճարումներ։ Վճարումներ կատարելուն զուգընթաց քայլեր ձեռնարկել պայմանագրային զինվորական ծառայության համակարգի աստիճանական ներդրման ուղղությամբ։
37. Վերանայել ԿԲ-ի 28 մլրդ դրամի ներդրումների ծրագիրը։ Սրա հաշվին առնվազն 20 մլրդ դրամով ավելացնել պետական բյուջեի եկամուտները։
Հրանտ Բագրատյան
115 ընտրատարածք
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել