Գրառման հինգերորդ մասը կարող եք կարդալ այստեղ: Ջոբսի հաջորդ հիանալի քայլը երաշխիքն էր, երբ շուկայում բոլորն առաջարկում էին 90 օրով, իսկ Ջոբսը պնդում էր, որ պետք է տալ մեկ տարով: Այդ մեկ տարվա երաշխիքը դարձավ նրանց հաղթաթուղթը, որի արդյունքում Apple-ը զգալիորեն ավելացրեց իր վաճառքների թիվը:
Ջոբսի աշխատելաոճից մի փոքրիկ հատված եմ ուզում ընդգծել, երբ Apple II-ի կորպուսի հարցով խնդիր էր առաջացել: Pantone ընկերությունը, որը մատակարարում էր Apple-ին տարբեր գույներ, ուղարկում է կորպուսի շուրջ 2000 տարբեր գույներ, սակայն ոչ մեկը Սթիվը չի հավանում և ցանկանում է նորը ստեղծել: Այսինքն նա մանրակրկիտ էր ամեն մի հարցում, որի արդյունքն էլ այսօր տեսնում ենք բոլորս:
Apple II-ի հաջողությունն ամբողջությամբ Վոզնիակինն էր, ուստի Ջոբսը մտածում էր ստեղծել իր սեփականը և կանգնեց Apple III-ի վրա, սակայն արտադրությունից հետո այն իրեն չարդարացրեց: Ջոբսի սեփական համակարգիչ ստեղծելու գաղափարը ձախողվեց: Սակայն Ջոբսը չի հանձնվում և նախագծում է նոր համակարգիչ, որի անունն էր Lisa: Բայց Lisa-ն նույնպես անհաջողության է մատնվում: Հանձնվե՞լ: Ինչպես բոլորն են մտածում` դե երկու անգամ չի ստացվել, ուրեմն էլ չի ստացվի: Բայց ոչ, Ջոբսը կրկին չի հանձնվում և սկսում է մտածել հետագա քայլերի մասին:
Xerox-ի հետազոտական կենտրոնը` Xerox PARC-ը, ստեղծվել էր 1970 թվականին, որտեղ իրականացվում էին բոլոր հետազոտությունները: Xerox PARC-ում մշակվում էր նոր համակարգիչ` Smalltalk-ը, որի մասին տեղյակ էր Ջոբսի ինժեներներից մեկը` Ռասկինը, ով ամեն օր համոզում էր վերջինիս այցելել Xerox PARC: Երբ Ռասկինը տեսնում է, որ չի կարողանում Ջոբսին համոզել, իր կողմն է գրավում ամենագլխավոր անձանցից մեկին` Բիլլ Ատկինսոնին, ով կարողանում է Ջոբսին համոզել, որպեսզի այցելեն Xerox PARC:
Քանի որ Xerox-ի ղեկավարությունը ցանկանում էր գնել Apple-ի բաժնետոմսեր, Ջոբսը որոշեց օգտագործել հենց այդ հարմար առիթը` առաջարկելով.
-Ես Ձեզ կթողնեմ Apple-ում ներդնեք մեկ մլն դոլար, բայց ինձ պետք է ցույց տաք, թե ինչ մոդելներ է պատրաստում Xerox PARC-ը:
Xerox-ի ղեկավարությունը համաձայնվում է և ըստ Այզեկսոնի ներդնում է այդ մեկ մլն դոլարը` թույլ տալով Ջոբսին մտնել Xerox-ի սիրտը: Սակայն մեկ այլ աղբյուրում`Ջեկ Տռաուտ, նշվում էր, որ չի ներդրել, բայց համենայն դեպս ներդրել է, ես ստուգել եմ ևս մի քանի աղբյուրներից: 1979 թվականին Ջոբսն իր գործընկերների հետ այցելում է Xerox PARC, սակայն աշխատակիցները չէին ցանկանում կիսվել իրենց գիտելիքներով և անտարբերության են մատնում Ջոբսին: Իսկ վերջինս օգտվում է մեր իրականությանը հայտնի ամենաօգտակար մեթոդներից մեկով` զանգում է միանգամից Xerox-ի ղեկավարությանն ու պահանջում լրիվ ներկայացնեն աշխատանքները:
Այսպիսով, Xerox-ը սկսում է ներկայացնել բոլոր համակարգչային ու գրաֆիկական գաղտնիքները, որը տարիների ընթացքում բացահայտել էին ինժեներները: Ատկինսոնը մանրամասն ուսումնասիրում էր Smalltalk համակարգիչն ու իր մոտ գրառումներ կատարում: Այն ինչ ցույց տվեցին նրանց Xerox PARC-ում, նորույթ էր:
Առաջին նորույթն այն էր, որ համարգիչներն աշխատում էին ցանցային սկզբունքով, այսինքն մեկը մյուսի հետ կարողանում էին աշխատել:
Երկրորդ նորույթը հիանալի գրաֆիկան էր, իսկ ահա երրորդը` մեզ արդեն հայտնի մկնիկը: Xerox-ն արեց իր պատմության երևի թե ամենամեծ սխալներից մեկը` թույլ տալով մի ոմն Ջոբսի այցելի ու իմանա իր բոլոր գաղտնիքները: Ինչպես կարելի է բաժնետոմսի դիմաց տալ այն ամենը, ինչը հնարավոր է ընկերության հետագան է լինելու, ես զարմացած եմ, բայց … :
Xerox PARC-ից դուրս գալուց հետո Ջոբսն այնքան արագ էր վարում մեքենան, որ շուտ հասնեն Կուպերտինո և սկսեն քննարկումները, իսկ ամբողջ ճանապարհին գոռում էր.
-Մենք տեսանք ապագայի համակարգիչները, Xerox-ից պետք է առաջ անցնենք: Պատճենահանող սարքի ստեղծումը նրանցն է, իսկ համակարգչի մասով նրանք ունեն այն, ինչ պետք է, բայց չգիտեն ինչպես օգտագործել: Մրցակցից պիտի առաջ անցնենք` ստեղծելով ավելի լավ ու պրակտիկ համակարգիչ բոլորի համար, այլ ոչ թե միայն ընկերությունների:
Նշեմ, որ եթե այս պահը չլիներ, միգուցե մենք այդպես էլ չտեսնեինք այն Apple-ը, որին սովոր ենք այսօր: Դեպքը համարվում է գաղափարի գողության ամենախոշորներից մեկը: Ինչևէ, արդեն եղել է: Հիշենք Պիկասսոյի խոսքերը` Լավ նկարիչները պատճենահանում են, իսկ մեծագույնները` գողանում:
Ջոբսն ու իր գործընկերներն անցնում են գործի և որոշում են ստեղծել նոր համակարգիչ: Նրանք ստեղծում են շատ հիանալի գրաֆիկա, իհարկե Xerox PARC-ից ստացված գիտելիքների հաշվին: Իսկ ինչ վերաբերվում էր անվանմանը, ապա Ռասկինն այդ համակարգիչը կոչում էր Macintosh` ի պատիվ իր սիրելի խնձորի տեսակի (Mcintosh): Սակայն այստեղ ևս, ինչպես և մյուս հայտնի բրենդի՝ Google-ի դեպքում, համակարգչի անունն ընտրելիս զերծ չմնացին տարրական սխալից. բանն այն է, որ խնձորի տեսակը կոչվում էր, ոչ թե Macintosh, այլ Mcintosh, այսինքն Ռասկինը ուղղագրական սխալ էր թույլ տվել: Եվ զարմանալին այն է, որ Macintosh համակարգչի հաղթարշավից հետո, խնձորի տեսակն էլ ինքնաբերաբար վերանվանվեց Macintosh:
Թիմն ուղղակի ոգևորված աշխատում էր, որոնցից օրինակ` Ատկինսոնն այնպես նվիրված էր աշխատում ու մտածում, որ մի անգամ ուղղակի ընկնում է աղբատարի անիվների տակ: Եվ երբ Ջոբսն այցելում է նրան ու հարցնում ինչպես ես, Ատկինսոնը պատասխանում է.
-Մի վախեցիր Սթիվ, ես ամեն մի մանրուք հիշում եմ:
Xerox-ի ստեղծած մկնիկը երեք կոճակ ուներ և շատ բարդ էր օգտագործելու համար` արժենալով ոչ ավել, ոչ պակաս, քան 300 դոլար: Ջոբսը որոշում էր, որ այդ երրորդ կոճակն ավելորդ է, հանում է այն, և մի ինժեների հանձնարարում ստանալ ավելի էժան, բայց երկու կոճակով մկնիկ: Արդյունքում մի քանի օրից Ջոբսի սեղանին լինում է մկնիկը, որի արժեքն էր 15 դոլար և ավելի հեշտ էր օգտագործվում, քան Xerox-ինը: Ջոբսը ցանկանում էր, որ այդ մկնիկը տեղաշարժվի էկրանով, բայց ինժեներներից մեկն ասում է, որ դա անհնար է և հաջորդ օրն ազատվում է աշխատանքից:
-Apple-ում անհնար ոչինչ չկա,-միշտ կրկնում էր Ջոբսը:
Հաջորդ ընդունված ինժեներն ասում է, որ մկնիկը շարժել հնարավոր է և մի քանի օրից ներկայացնում է այն: Այսինքն, հենց Ջոբսի շնորհիվ է, որ մենք այսօր կարողանում ենք մկնիկը շարժել էկրանով մեկ, բացել տարբեր ֆայլեր, մեկը մյուսի մեջ տեղադրել, տեղաշարժել տարբեր տեղեր, ունենալ աղբարկղ, տարբեր փաստաթղթեր:
1981 թվականին Xerox-ը շուկա է դուրս բերում իր Xerox Star համակարգիչը, որը շատ դանդաղ էր, մի ֆայլը պահպանվում էր մի քանի րոպեում, թանկ էր` 16 595 դոլար և ուղղված էր հիմնականում ընկերությունների օգտագործման համար: Երբ համակարգիչն արտադրվում է, Ջոբսը միանգամից իր թիմի հետ այցելում է և սկսում են հետազոտել Xerox Star-ը: Պատմում է Ջոբսը.
-ենք մշակում էինք, իսկ նրանք արդեն շուկա մտան, ես միանգամից սարսափեցի, որ ուշացանք ու պարտվեցինք: Բայց Xerox-ի համակարգիչն ամբողջությամբ աղբ էր: Ես խորը շունչ քաշեցի, քանի որ Xerox-ը սխալվել էր, իսկ մենք արդեն հաջողությամբ վերացրել էինք առկա թերություններն ու ավելի էժան էինք: Նախ ապրանքը պետք է պարզ լինի, հեշտ օգտագործվի, հարմար լինի սպառողի համար: Բոլորն ասում են ամեն ապրանք կարելի է վաճառել, իսկ ես ասում եմ, որ ամեն ապրանք կարելի է շաաաաատ վաճառել, եթե այն լավն է ու բարձրորակ: Apple-ը պետք է իր որակով գերազանցի բոլորին: