Իմ հեռավոր սե՜ր .. քեզ գրում եմ մեր հեռավոր երկրից` քո հեռավոր երկիր..
Ինչո՞ւ ես այդքան հեռու մեկնել, չէ որ երբեք բաժանվելու կարիք չենք զգացել.. ինչո՞ւ ես այսքան շուտ մեկնել, չէ որ երբեք իրարից չենք հոգնել... 

Իմ հեռավո՜ր, հեռավո՜ր և միակ սեր ..
Որքա՜ն անգամ քեզ մտովի հետ բերեմ այդ քո հեռավոր երկրից.. Քանի՜ գիշեր հետ բերեմ, իսկ առավոտյան կրկին անհետանաս ... Քանի՜ առավոտ լուսացնեմ առանց քեզ ու քանի՜ գիշեր մտովի անցկացնեմ քո կողքին..
Իմ լուսավո՜ր, իմ պուճուր, իմ մի մասնիկ, իմ հեռավոր ու պայծառ ...
Իմ անկշտությու՜ն ... որքա՜ն անգամ գրկեմ ու բաց չթողնեմ, այդքան անգամ չեմ հագենա.. 
Իմ սենտիմենտալություն .. Իմ հասարակ .. իմ եզակի .. իմս .. 
Քո այդ հեռավոր երկրում արևներ չկան ... այդ պատճառով նամակիս հետ ծրարում եմ վարսերիցս մի փունջ.. ու մարմնիս բույրը ... Քո շա՜տ սիրելի պուճուր մարմնիս բույրը.. 
Ամեն գիշեր, երբ ես մտովի գրկում եմ քեզ, երբ մտովի կրճատում եմ կիլոմետրերը մեր միջև, գրկիր դու ինձ ևս ... նամակս դիր բարձիդ մոտ, որ զգաս բույրս ...
հագեցիր .. 
Քո այդ հեռավո՜ր երկրում իմ մարմնի բույրից չկա ...

Իմ արևափայլ, իմ ուրախություն ու երջանկություն.. իմ ժպիտ .. իմ, իմ հեռո՜ւ հեռավո՜ր սեր ..
Քո խելագար պուճու՜ր ու ասեղափայլ լուսինն եմ, ծրարում եմ նաև մի քանի շող .. Ոչ այն լուսինների նման, որ շողում են քո այդ հեռավոր երկրում... 
Քո այդ հեռավոր երկրում լուսինները՝ լուսին չեն ... 
Քո այդ հեռավո՜ր երկրում լուսինները սիրելի չեն, ասեղափայլ ու ՔՈՆԸ չեն ..

Ջեռքերիս ջերմությունը ծրարում եմ նույնպես ... Իմ սա՜ռը ձեռքերի ջերմությունը ...
Հպվիր.. տաքացի՜ր.. 
Գրկում եմ քեզ իմ սա՜ռը ձեռքերով.. 

Մոլեգնորեն հոտոտում եմ ամբողջ ուժով վերնաշապիկդ, միակ նվերը քեզնից, որ նվիրել եմ ես՝ ինքս ինձ.. միակ նվերը, որ պահում եմ դարակներիս ամենից ամենախորքում... Մուրում եմ բույրդ.. շնչառությունս տաքանում է, իսկ իմ սա՜ռը-սա՜ռը ձեռքերի ջերմությունը ուղարկում եմ քեզ ...
Իմ հեռավո՜ր ու կարոտած սեր, իմ միամտություն.. իմ կախարդ.. 
Աչքերիդ բիբերը թող լայնանան միշտ նամակս կարդալիս..
Սիրում եմ քեզ այնպիսին, որպիսին կաս՝ նեղ բիբերով ..
Իմ թանկագին, իմ հոգեբույժ..

Ես քեզնից որպես հուշ պահել եմ սրճարանից «գողացած» մի քանի անձեռոցիկ... Ահա դրանցից մեկը ուղարկում եմ քեզ, որոնց մեջ փաթաթել եմ վարսերիցս մի փունջ ... 
Թող ավելորդ ռոմանտիկա չհամարվի, քանզի գիտեմ՝ կբարկանաս.. եթե կարող ես պահիր այն մինչ վերադառնաս ու հետ հանձնես ինձ, քանի որ մեր հանդիպումներից պահած ամեն ամեն ինչ հավաքել եմ դարակումս, այդ թվում վերնաշապիկդ ... 
Իսկ եթե դա ևս ռոմանտիկա է ու կրկին կբարկանաս, ետ վերադարձրու այն այս նույն հասցեով, որով գրում եմ .. Չեմ նեղանա, եթե մինչև քո հեռավո՜ր երկրից վերադառնա, մի փոքր պատռված լինի, կամ ճմրթված, սակայն հուսով եմ դու՝ վերադառնալիս չես կորցնի քեզ ...

Իմ հեռավոր սեր, այդտեղ ժամը քանի՞սն է ... 
Այստեղ բավականին ուշ է , ու ցուրտ ... 
Վերմակներ.. թեյեր ... փաթաթվիր «արհեստական» ջերմություններով, ու թող դիտվի դա որպես ռոմանտիկայի բացակայություն... 
Իսկ իրականում իմ բացական լրացրու ....

Այլևս չեմ գրում.

Նամակիս ծանրությունից, գուցե թույլ չտան ուղղարկել այն քեզ...
Եթե չհասնի, իմացիր, որ համբուրում եմ ամենևին ոչ սառը .. 

Քնելիս վրադ երկու ծածկոց կգցես..

Իմ հեռավո՜ր, հեռավո՜ր սեր, մոլեգին կարոտով սպասում եմ վերադարձիդ ... 

Քո անդավաճան սպասող սեր՝ Լուսի 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել