Նախապես ասեմ, որ այս հոդվածի համար շարժառիթ հանդիսացավ միջադեպը, որը տեղի է ունեցել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի եւ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի միջեւ, որը քիչ է մնացել վերածվի ծեծկռտուքի: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վաղուց անձից վերածվել է «երևույթի». ժխտել, որ նրա ծավալած գործունեությունը օգտակար է հանրությանը, մեր կողմից առնվազն անարդարացի կլինի: Հայաստանում առկա արատավոր երևույթների դեմ Գագիկ Շամշյանի ընդվզումները շատ անգամ էֆեկտիվ են գործում, ավելին շատ ցինիկ հարուստների, որոշ պաշտոնյաների համար նա յուրահատուկ զսպաշապիկ է հանդիսանում: Սակայն ամեն ինչ ունի չափ և սահման: «Նույնիսկ սրբերին արգելված է սրբության սահմանը անցնել» արտահայտությունը պետք է ինչ-որ բան ասի Գագիկ Շամշյանին, քանի որ նա հաջողություններից ոգևորված, շատ դեպքերում անկախ իրենից, անցնում է սուբորդինացիոն այն սահմանը, որը իրավունք չունի անցնելու: Սկզբից /,այ սափրագլուխներ, արի ստեղ արա, գնա ըտենց հովանավորներիդ հետ խոսա, հիմա որ կա ըտեղ…» նրա կողմից արվող նմանատիպ արտահայտությունները հանրության կողմից ընդունվում էին, որպես համարձակության խորհրդանիշ, սակայն ամեն ինչ ունի սկիզբ և վերջ:
Նմանատիպ պահվածքով Գագիկ Շամշյանը կարողացավ բավականին ռեյտինգ հավաքել, հիմա նրա ձայնը լսելի է. միգուցե ժամանակն է եկել, որպեսզի նա ավելի պատշաճորեն մոտենա իր առաքելությանը: Քանի որ եթե այս ձևով նա շարունակի, նրա խոսքը վաղ թե ուշ կարժեքազրկվի: Նա անխոսք ասելիք ունի, բայց կարելի է չէ այն մատուցել ավելի կիրթ տարբերակով` դրանով իսկ հաղորդելով իր ասելիքին լրացուցիչ լրջություն: Թե չէ ստացվում է, որ ցինիզմի դեմ պայքարում ենք ցինիզմով…:
Եթե Գագիկ Շամշյանի ճիշտ ընտրած թիրախավորումը հիրավի օգուտ չբերեր հանրությանը, ապա վստահ եղեք` ես այս դիտողությունները չէի անի, այսպիսով ես ցանկանում եմ, որպեսզի նրա հաղորդումները ժամանակի ընթացքում չարժեքազրկվեն, այլ ընդհակառակը դառնան ավելի ազդեցիկ: Նա պետք է գիտակցի, որ իր քննադատման «օբյեկտները» քնած չեն, նրանք ամեն հարմար առիթը կօգտագործեն, որպեսզի արժեքազրկեն նրա խոսքը, իսկ դա ժողովրդի շահերից չի բխում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել