Tert.am-ը գրում է.

Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի դոցենտ Վարդան Ոսկանյանը միանգամայն իրատեսական է համարում Հայաստանի՝ որպես տարանցիկ երկրի տարածքով Եվրոպա իրանական գազ արտահանելու հեռանկարը՝ պայմանով, որ իրանական կողմը ստանա լրացուցիչ ֆինանսական միջոցներ՝ դրա իրականացումը զուտ ֆինանսական առումով ապահովելու համար:

Tert.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե Իրանի նկատմամբ պատժամիջոցները չե՞ն խանգարի այդ ծրագրին, և դրան ինչպե՞ս կարձագանքի Ռուսաստանը, որին է հանձնված Հայաստանում հիմնական էներգետիկ հզորությունների կառավարումը, ասաց. «Ինչ վերաբերում է Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին, ապա հավանաբար առաջիկայում, երբ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները հաջողությամբ ավարտվեն, իսկ առնվազն առաջին փուլն արդեն իսկ ավարտված է, դա մեզ թույլ կտա լավատեսորեն նայել ապագային: Եվ ես կարծում եմ, որ այդ խնդրում պատժամիջոցները հազիվ թե կարողանան ինչ-որ լրացուցիչ դժվարություն ստեղծել, հատկապես, որ դրանց մասնակի վերացում է նախատեսվում, եթե համաձայնություն ձեռք բերվի»:

Նշենք, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանը, ով  նոյեմբերի 4-ից 7-ը Իրանի Իսլամական Հանրապետությունում էր՝ մասնակցելու Իրանի էլեկտրաէներգետիկայի և ջրի միջազգային ցուցահանդեսների բացմանը, որի շրջանակներում պետք է հանդիպումներ ունենար նաև Իրանի նավթի և էներգետիկայի նորանշանակ նախարարների հետ և քննարկեր երկկողմ համագործակցության խնդիրները, իրանական «Թասնիմ» գործակալությանը հայտնել էր, որ հայկական կողմը պատրաստ է ավարտել Իրանի հետ իրականացվող նախագծերը և կնքել նորերը՝ քննարկելով Իրանից Հայաստան մտնող էլեկտրաէներգիան ՀՀ տարանցիկ տարածքով դեպի Եվրոպա հասցնելու հարցը:

Իսկ Իրանի էներգետիկայի նախարարը, ըստ իրանական գործակալության, նշել է, որ Եվրոպայի կողմից էլեկտրաէներգիայի նկատմամբ աճող պահանջարկի պարագայում իր երկիրը մտադիր է Եվրոպա էլեկտրաէներգիա արտահանել կամ Հայաստանի, կամ Վրաստանի ու Ադրբեջանի տարանցիկ տարածքով:

Ի լրումն վերոնշյալի, Վարդան Ոսկանյանը գրեթե չեզոքացնում է ՌԴ-ի կողմից հնարավոր հակազդեցությանը, նախ կարծիք հայտնելով, որ այս հարցում որևէ երրորդ երկրի միջամտությունը անհրաժեշտ կամ տեղին չէ, որովհետև հայ-իրանական հարաբերությունները, որպես կանոն, կարգավորվում են երկկողմ հարթությունում:

«Եվ երկրորդ, Ռուսաստանը էլեկտրաէներգիայի խնդրում Իրանի հետ մրցակից չի համարվում, ըստ իս՝ ավելի շատ խնդիրը վերաբերում է գազային ռեսուրսներին»,- ասաց նա:

Ի պատասխան հարցի, թե ինչո՞ւ պետք է Հարավային Կովկասի երկրներից հենց Հայաստանն ընտրվի որպես դեպի Եվրոպա էլեկտրաէներգիա արտահանելու տարանցիկ ուղի, նշեց. «Նախ, որովհետև հայ-իրանական էներգետիկ հարաբերությունները բավականին բարձր մակարդակի են, ես կասեի՝ երկկողմ համագործակցության առյուծի բաժինը վերաբերում է էներգետիկ համագործակցությանը: Հետևաբար, դա և՛ տնտեսական առումով ձեռնտու կլինի, և՛, ինչու չէ, քաղաքական, որովհետև չեմ կարծում, որ Իրանը, որը հավասարակշռության իմիտացիա ստեղծելով անընդհատ շեշտում է Ադրբեջանի հետ համագործակցության հնարավորությունը, այսուհանդերձ, շատ լավ հասկանում է, որ Հայաստանը քաղաքական առումով ավելի վստահելի գործընկեր է, քան Ադրբեջանը»:

Tert.am-ի հետ զրույցում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, հակառակը, նման հեռանկարն իրատեսական չի համարում, բայց ոչ թե տեխնիկական ու արտաքին քաղաքական հարթությունների տեսանկյունից, այլ որովհետև որևէ վստահություն չունի կառավարության և իշխանության նկատմամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել