«Մեր շնորհալի դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի հետ կապված կա երկու ծայրահեղություն։ Առաջինը՝ առանց խորանալու խնդրի մեջ՝ նրան մեղադրելն ու ճախարակելն է։ Բացի նրանից, որ այդպիսով խախտվում է մարդու անմեղության կանխավարկածը, դա նաև կասկածելի է բարոյական տեսանկյունից՝ հաշվի առնելով դերասանի ֆիզիկական և հոգեբանական վիճակը։ Ոչ ոք իրավունք չունի որևէ մեկին մեղավոր համարել մինչև այն պահը, երբ հրապարակվում է դատավճիռը, որը, նորմալ արդարադատության դեպքում, պետք է տա բոլոր հարցերի պատասխանը։

Որպես խիղճ և պատիվ ունեցող մարդ՝ Վարդանը չի կարող ծանր ապրումներ չունենալ, և նրան առանց լուրջ հիմնավորման անազատության մեջ պահելը, իհարկե, խորացնում է այդ ապրումները։ Միանում եմ արվեստագետի խափանման միջոցը փոխելու բոլոր միջնորդություններին։ Մեր դատարանները պարզապես մոլուցք ունեն բոլոր կասկածյալներին կալանավորելու, ինչը բացատրվում է «կոռուպցիոն ռիսկերով» և այդ քաղաքացիների վրա ճնշում գործադրելու ձգտումով։ Ի՞նչ է՝ մտածում են, որ դերասանը փախչելո՞ւ է Հայաստանից կամ գնալու է դեպքի վայր և ապացույցնե՞րն է փոխելու։ Դա կատարյալ անհեթեթություն է։

Բայց կա նաև մյուս ծայրահեղությունը՝ դերասանին հերոսացնելը, նրան համարյա թե «խղճի կալանավոր» կամ «քաղբանտարկյալ» ներկայացնելը։ Ես էլ եմ այդ դերասանի տաղանդի ջերմ երկրպագուն և գիտեմ, որ երկրպագուների մեծամասնությանը իմ գրածը դուր չի գա, բայց հիշեցնեմ, որ խոսքը ոչ թե քաղաքական կամ հասարակական գործունեության կամ նույնիսկ ոչ թե «գմփցնելով երթի» մասին է (որտեղ մեծ ցանկության դեպքում կարելի է քաղաքական մոտիվներ գտնել)։ Խոսքը վթարի մասին է, որին զոհ գնացին երկու պատանիներ, և նրանց հարազատներն ավելի ծանր ապրումներ ունեն։

Պոպուլիստն, իհարկե, կհարցնի. «Իսկ եթե նման վիճակում հայտնվեր որևէ իշխանավորի կամ օլիգարխի որդի, նրանց կալանավորելո՞ւ էին»։ Ուղիղ հարցին ուղիղ պատասխան՝ ոչ միայն չէին կալանավորելու, այլև ազատելու էին որևէ պատասխանատվությունից՝ նախադեպերը բազմաթիվ են։ Բայց արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Վարդան Պետրոսյանի նման նորմալ մարդիկ չպիտի պատասխան տան օրենքի առաջ, եթե մեղավոր են։

Իհարկե, սատարենք մեր սիրելի դերասանին։ Բայց՝ առանց չափազանցությունների մեջ ընկնելու, որոնք կարող են միայն բարդացնել Վարդանի վիճակը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել