Շատ բան էր սպասելի մեր իշխանություններից, բայց որ դրա ներկայացուցիչ ոմն Հայկ Բաբուխանյան հայտարարի, թե Շանթի թիկունքում արևմտյան գրանտներ են... Նույնիսկ արդեն զավեշտալի չի: Արևմտյան գրանտակերներ են ՀՀ մշակութային արժեքների համար պայքարողները, տրանսպորտի գների բարձրացման դեմ պայքարողները, խաղաղ պայմաններում բանակում սպանված զինվորների համար արդար դատավորություն պահանջողները, հանքահանության հետևանքով թունավորվող միջավայրի և մարդկանց ճակատագրով մտահոգները...Այսպիսով, պետք է խոնարհվենք արևմտյան գրանտակերների առաջ: Բայց ո՞ւր էր, որ նրանք գրանտներ ստանային: Հիշում եմ, դեռևս վեց տարի առաջ «գրանտակերների» շարքում թվարկում էին այն բոլոր երիտասարդներին, ում գլուխը ֆիզիկապես ջարդել էին մարտի մեկի դեպքերից հետո: Մեր իշխանությունների ներկայացուցիչներին մնում է հայտարարել, որ ղարաբաղյան պատերազմին մասնակից ազատամարտիկները նույնպես արևմտյան «գրանտակերներ» են... Ընդ որում, նրանք գրանտներ ստացել են հենց պատերազմին մասնակցելու համար: Այս մարդկանց կարծիքով, հավանաբար, արևմտյան գրանտներ տրամադրողները ընտրում են մեր երկրի ճակատագրով հիրավի մտահոգներին և օգնում են նրանց՝ Հայաստան երկիրը պահելու: Այս տրամաբանությամբ շատ լավ կլիներ, եթե մեր երկրի բյուջեն բաշխվեր «արևմտյան գրանտատուների» կողմից: Բայց քանի դեռ հայկ բաբուխանյանները ՀՀ պետական բյուջեի գրանտակերներ են (մեծ հաշվով՝ ողջ ԱԺ-ն), և նրանց լավ հայտնի է «բյուջետային գրանտակերության» պրակտիկան, հավանաբար առաջնորդվում են իրենց փորձով: «Գրանտակերության» մեղադրանքի այս արատավոր պրակտիկան վաղուց պետք էր վերացնել: Քանի որ ՀՀ կառավարությունը թիվ մեկ «գրանտակերն» է, այսինքն՝ իրական գրանտակերն է, թերևս արժի կառավարության ճակատին գրել՝ «Պետական առևտրային կազմակերպություն: Գոյատևում է զանազան կառույցների՝ ՀԲ, ՄԱՀ, ամերիկյան և եվրոպական, այլ երկրների ու միջազգային բանկերի ֆինանսական օժանդակությամբ, գրանտների և նվիրատվությունների, ինչպես նաև ազգային հարստությունը՝ շենքերը, երկրի ընդերքը, վերգետնյա ռեսուրսները ծախելու հաշվին»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/258732130945737
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել