Սիրելիˊ բարեկամներ, կրկին շատ շնորհակալ եմ բոլորիդ ջերմ շնորհավորանքների համար: Ամեն անգամ, երբ կարոտի հերթական ծանր հարձակման ենթարկվեմ, նորից ու նորից կընթերցեմ ձեր խոսքերը ու կվերագտնեմ իմ ուժերը: Երախտագիտությունս ուզում եմ հայտնել մի փոքրիկ «քերականական զավեշտով», որն արտացոլում է իմ տեսակետն առ այն, թե ինչ է պետք, որ էս երկիրը դառնա երկիր:
Որպեսզի մեր հայրենիքը երկիր դառնա, անհրաժեշտ է, որ ամեն մեկս զբաղվենք մեր գործով ու լինենք մեր գործի պրոֆեսիոնալը` անկախ գործի բնույթից: Այսինքն` մեր գործը կատարենք անմնացորդ նվիրումով ու բարեխղճությամբ: Իսկ ԳՈՐԾ-ը սիրում է ԳՈՐԾԻԱԿԱՆ ՀՈԼՈՎ, ոչ թե սեռական, կաˊմ տրական, կաˊմ բացառական, կաˊմ այլ բան…Ուստի մարդ պիտի իր բոլոր մարմնամասերն ու որակները գործի դնի հենց ԳՈՐԾԻԱԿԱՆ ՀՈԼՈՎՈՎ, այսինքն` պիտի իր գործն անի.
1) գլխՈՎ, ոչ թե գլխԻՑ դուրս կամ գլխԻՑ մեծ / վեր,
2) ձեռՈՎ, ոչ թե ձեռԻ հետ,
3) ոտՈՎ, ոչ թե ոտԻ վրա,
4) ականջՈՎ, ոչ թե ականջԻ հետև գցած,
5) ջիգյարՈՎ / լյարդով, ոչ թե լեղԻՆ ճաքած,
6) կայֆՈՎ, ոչ թե (իրա) կայֆԻՆ / քեֆԻՆ,
7) դուխՈՎ, ոչ թե դուխՈՒ` կոսմետիկ բզբզումներով,
8) հոգՈՎ, բայց ոչ հոգՈՑների ուղեկցությամբ…
Ու ամենակարևորը`
9) հոգնությամԲ, բայց ոչ ՀՈԳՆԱՅԻ սկզբունքԻ համաձայն (այսինքն` «ինձնից հետո թեկուզ հեղեղ»)…



