Սյունյաց աշխարհում ծնված Գուրգեն Մանուկյանի բանաստեղծությունները կարդալուց հասկանում եմ մի բան. ինչքան բան կկորցնեի, եթե չկարդայի այս մեծության մեզ թողած ժառանգությունը: Մենք սիրում ենք անընդհատ խոսել մեր մեծերից մի քանիսի մասին, չբացահայտել նորերին, եզրափակվել անուններով, բավարարվել քչով, բայց աշխարհն ավելի լավ ճանաչելու համար պետք է չսահմանափակվենք մեր կողմից ստեղծվող, մեր կողմից մեզ պարտադրվող սահմաններով:

Այսուհետ ներկայացնելու եմ լուսահոգի բանաստեղծ Գուրգեն Մանուկյանի ստեղծագործությունները հերթականությամբ` իմ ընտրությամբ:

Ես վախենում եմ` 
անվերջ, անպտուղ այս ժողովներից,
եղջուրից թափվող որոշումներից,
Մեր լսողության ու տեսողության այս շռայլումից
և հոգեկանի այսքան վատնումից
ես վախենում եմ:

Ես վախենում եմ` 
աթոռին գերված, հաշվարկ չիմացող պատգամավորի քվեարկությունից,
«Վերակառուցվող» այս քայքայումից,
լույս ու խավարի միաձուլումից
Գաղափարական վերաձևումից 
ես վախենում եմ:

Ես վախենում եմ` 
օր-օրի զինվող և իրար լափող
և իրար խաբող այս մարդկությունից,
համաշխարհային նոր փլուզումից
ես վախենում եմ:

Ես վախենում եմ` 
ամեն ժամ փոխվող այս կացությունից,
իրար հոշոտող ճղճիմ խմբերերի այս մրցակցությունից:
Ազգն անդունդ տանող պարզմտությունից,
ազգի դարավոր մենակությունից,
պատառ առ պատառ մարսման ենթակա
անմիությունից ես վախենում եմ:

Ես վախենում եմ`
ազգի ջոջերի ագահությունից, 
մեր հող ու ջրի պարապությունից,
չվացուցակում հերթագրվելու
մի բուռ հայերիս մեծ ցանկությունից:
Նաև մորթապաշտ վախկոտությունից
ու վերուստ տրված անբախտությունից 
ես վախենում եմ:

Ես վախենում եմ`
հարևանների ոխ-նենգությունից,
մուսուլմանական իրապաշտ ու մերկ խաբեությունից,
կաշառավարպետ ու ստրոաքարշ լկտիությունից:
Կենտրոն կոչվածի հեռուն հաշվարկված թողտվությունից
ես վախենում եմ:

Ես վախենում եմ նաև ամեն ինչ
տեսնող ու լռող համբերությունից 
այս մոլորակի...

1989թ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել