Lurer.com-ը գրում է.

Նոյեմբերի 8-ին Արարատ քաղաքում անցկացվեց քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Սամվել Բարսեղյանի նախընտրական ամփոփիչ հանրահավաքը: Հաղթական տրամադրությամբ միմյանց շուրջ համախմբված հազարավոր արարատցիներին միացավ նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով քաղաքացիների կողմից չափազանց ջերմ ու սրտաբուխ ընդունելության արժանացավ:

Հարազատ քաղաքի բնակիչներին ողջունեց քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Սամվել Բարսեղյանը՝ խոստանալով, որ ընտրվելու դեպքում աշխատելու է ամենայն պատասխանատվությամբ ու անմնացորդ նվիրումով՝ ի շահ Արարատի ու արարատցու:

Արարատի բնակիչներին ողջունեց նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ կոչ անելով կատարել արժանապատիվ ընտրություն, լինել ազնիվ սեփական խղճի առջև ու մտահոգ քաղաքի ապագայով:

«Ես և իմ թիմն այս տարիներին մշտապես եղել ենք ձեր կողքին, մեր ամենօրյա աշխատանքով փորձել ենք թեթևացնել ձեր հոգսերն ու խնդիրները»,-իր խոսքում ընդգծեց ԲՀԿ նախագահը՝ հավելելով, որ երբեք չի կորցնելու այն հավատն ու վստահությունը, որ տեսնում է յուրաքանչյուր քայլափոխի:

«Արարատի առաջիկա տարիների պատասխանատվությունը ձեր ուսերին է»,-նշեց Գագիկ Ծառուկյանը՝ կոչ անելով մասնակցել ընտրությանն ու քվեարկել այն թեկնածուի օգտին, ում կողքին բնակիչները տեսնում են քաղաքի առաջընթացն ու լուսավոր ապագան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել