1in.am-ը գրում է.
Հայաստանի պահածոյագործների և հյութարտադրողների միությունում ընդգրկված են մոտ 20 խոշոր ընկերություններ, այն դեպքում, երբ Հայաստանում պահածոներ արտադրող ավելի քան 35 կազմակերպություն կա։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց միության նախագահ Երվանդ Թարվերդյանը։
Նրա խոսքով, միության նպատակը բոլոր արտադրողների ուժերը համախմբելն է։ «Հայ պահածոյագործները վերջին 10 տարիներին իրենց արտադրանքն արտահանում են Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա, Ղազախստան ԱՊՀ և այլ երկրներ։ Ընդհանուր առմամբ, Հայաստանից արտահանվում է պահածոների և հյութերի 60–70 տոկոսը»,- ասաց նա՝ հավելելով, որ 2013-ին մթերվել է 26 հազար տոննա պտուղ-բանջարեղեն։
«Տարին դեռ չի ավարտվել, և չի բացառվում, որ մինչև դեկտեմբեր որոշ ձեռնարկություններ մթերեն դդում, վարունգ և թթուների համար անհրաժեշտ այլ բանջարեղեն»,- նշեց Թարվերդյանը։
Հայաստանի պահածոյագործների և հյութարտադրողների միության նախագահը դրական արտահայտվեց Հայատանի՝ Մաքսային միությանը հնարավոր անդամակցության մասին՝ իր վերաբերմունքը բացատրելով այն հանգամանքով, որ հայկական միրգ-բանջարեղենը և դրանցից ստացված արտադրատեսակները ԱՊՀ երկրներ արտահանելիս հավելյալ մաքսեր ու տուրքեր չեն գանձվի, նոր սերտիֆիկացումներ չեն պահանջվի, ինչն էլ խթան կհանդիսանա, որ հայ գյուղացին ու արտադրողը դրսի շուկաներում առավել հեշտ իրացնեն իրենց ապրանքը։
«Հայկական պահածոն արտասահմանում, մանավանդ ԱՊՀ շուկաներում, մեծ համբավ ունի։ Մեծ է հատկապես կոմպոտների պահանջարկը։ Որոշ արտադրատեսակների պահանջարկը պահածոյացնող ընկերությունները անգամ չեն կարողանում բավարարել»,- ասաց նա՝ հավելելով, որ հայաստանյան հյութարտադրող ձեռնարկություններն անում են ամեն բան՝ մեր երկիրը հյութ ներմուծող երկրից վերածելու հյութ արտահանող երկրի։ «Իսկ հյութ Հայաստանը ներկրում է Իտալիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից և Շվեյցարիայից»,- տեղեկացրեց Երվանդ Թարվերդյնաը։
Նա նաև տեղեկացրեց, որ այս տարի անցած տարվա համեմատ 7 հազար տոննայով քիչ լոլիկ է մթերվել, ինչը նշանակում է, որ մոտ 1000 տոննա քիչ լոլիկի մածուկ կարտադրվի։
Ասուլիսի մյուս բանախոս, Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն էլ իր հերթին նկատեց, որ շատ դեպքերում գյուղացին տառապում է իր բերքը փչանալու հետևանքով։ Նա նաև ազգաբնակչությանը խորհուրդ տվեց տանը պահածոներ չպատրաստել՝ խուսափելու թունավորման դեպքերից։
«Ինչ վերաբերում է սելեկցիայի խնդիրներին, ապա պետք է ասեմ, որ մենք կորցնում ենք պտուղ-բանջարեղենի հայկական մի շարք սորտեր, ինչպես, օրինակ, «Անահիտ» տեսակի լոլիկը և հայկական ձմերուկը։ Գյուղնախարարությունը և Պահածոյագործների և հյութարտադրողների միությունը դրանք վերականգնելու ուղղությամբ պետք է աշխատանքներ տանեն»,- նշեց նա։