Այսօր տեղեկացա այն բանի մասին, որ մինչև 2013թ. հունվարի 16-ը լուսանկարահանող արագաչափ սարքերի կողմից հայտնաբերված իրավախախտումների գործերով կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին 429.615 որոշում: Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ է փոխանցվել գանձված գումարների 30%, իսկ մնացած 70% փոխանցվել է «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ին: Մյուս կողմից մենք ունենք «Փարկինգ Սիթի սերվիս» ՍՊԸ, որին վճարովի ավտոկայանատեղերի համար նույպես փոխանցվում է գանձված գումարների 70 %, և ընդամենը 30% գնում մայրաքաղաքային բյուջե, և դա այն պարագայում, երբ, ինչպես հայտարարել էր «Փարկինգ Սիթի սերվիս»-ի ներկայացուցիչը, այդ ՍՊԸ-ն քաղաքացիներին որևէ ծառայություն չի մատուցում: Մի կողմ թողնենք այն հարցը, թե ինչո՞ւ պետք է քաղաքացին վճարի այդ ընկերությանը, եթե դրա դիմաց ոչ մի ծառայություն չի ստանում: Ինձ ավելի շատ հետաքրքրում է այն հարցը, թե ինչու վերոնշյալ եկամուտները գնում են ոչ թե պետական կամ քաղաքային բյուջե, այլ` ինչ-որ անհայտ ՍՊԸ-ների գրպանը: Եվ դա այն պարագայում, երբ մայրաքաղաքում շատ լարված իրավիճակ է տիրում` կապված տրանսպորտի գնի թանկացման «անհրաժեշտության» հետ, և այդ հարցը հեշտությամբ կարելի է լուծել և չթանկացնել ուղեվարձը` վերոնշյալ գումարները, օրինակ, քաղաքային բյուջե ուղղելու դեպքում: Բայց դե պարզ է, որ այդ դեպքում Սերժի կամ Տիգրանի ծանոթները, մանկության ընկերները, բարեկամները զրկվելու են իրենց եկամուտներից, ինչը, բնականաբար, անընդունելի է գործող ռեժիմի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել