Ես դեռ 20 տարեկան էլ չկայի, երբ մի փոքր խմբի հետ ճանապարհորդում էի Չինաստանով: Մենք 2 շաբաթով կանգ էինք առել Չինաստանի Ցինհայ նահանգում: Մենք ուղևորվում էինք մի քաղաք, որտեղ պետք է անգլերեն դասավանդեինք, սակայն ճանապարհին կանգ էինք առնում փոքր քաղաքներում: Մի օր ժամանեցինք մի փոքր գյուղաքաղաք: Միայն մի քանի օր անցկացրինք այնտեղ, գնումներ կատարեցինք, այցելեցինք տեսարժան վայրերը (թեպետ այնտեղ այնքան էլ շատ տեսարժան վայրեր չկային): Փետրվար ամիսն էր, և բնությունն ասես խոր քուն մտած լիներ:
Կյանքիս այդ շրջանում գործերս շատ լավ էին ընթանում, թեպետ պատանեկությանս տարիները բավականին մռայլ էին եղել: Վերջին ժամանակներում ճակատագիրը բարեհաճ էր գտնվել իմ հանդեպ` ինձ ճանապարհորդելու հնարավորություն ընձեռելով: Վերջին տարում ես մի քանի մտերիմ ընկերներ էի ձեռք բերել, և այս ամենը փոխել էր իմ վերաբերմունքը կյանքի նկատմամբ: Ես ասես բոլորովին այլ մարդ լինեի: Ես ոգևորված Էի և ամեն գիշեր ժպիտով էի պառկում քնելու:
Այս փոքր քաղաքում անցկացրած երկրորդ օրը ես արթնացա տարօրինակ զգացումով: Ես ինձ վատ չէի զգում, պարզապես ինչ-որ տարօրինակ զգացումով էի համակվել: Մենք բոլորով որոշեցինք դուրս գալ բլուրներով զբոսնելու: Երբ մենք բարձրանում էինք բլուրներով, ես սկսեցի ավելի տարօրինակ զգալ ինձ: Ես սարսափած չէի, ոչ էլ բարկացած, և, առհասարակ, որևէ ուժեղ էմոցիա չէի զգում: Ես այնպիսի տպավորություն ունեի, ասես էմոցիաները դուրս էին հորդում իմ միջից: Մի տեսակ դատարկության էի զգում: Գլխումս ամեն ինչ մշուշված էր: Ինձ ասես ոչինչ այլևս չէր հուզում: Պահի տակ ես խուճապի մատնվեցի: Ինչ-որ վատ բան էր կատարվում: Ես հիշում եմ, որ մենք հասանք բլրի կատարին, և ես ընկա ժայռաբեկորների մեջ: Անկախ ինձնից ես անջատվեցի ու չէի լսում, թե ինչ են խոսում իմ շուրջ: Ես ողջ ուշադրությունս կենտրոնացրի կեղտի մեջ ընկած փոքր գլաքարերի վրա: Սկսեցի գլաքարերն անընդհատ իրար խփել: Ասես այն զազրելի վիճակը լիներ, երբ ճանճը ժամեր շարունակ բզզում է` փակ պատուհանին քսվելով:
Հանկարծ գիտակցեցի, որ ես առանց պատճառի քմծիծաղ էի տալիս: Գլխումս մի միտք էր պտտվում. «Դու պետք է մեռնես»: Սկզբում այս միտքն ինձ միանգամայն տրամաբանական էր թվում, սակայն իմ մեջ ինչ-որ բան ընդվզում էր դրա դեմ: Հենց այդ պահին իմ խումբը սկսեց իջնել բլրից, և ես հետևեցի խմբիս անդամներին: Որքան ավելի էինք հեռանում այդ բլրից, այնքան ավելի լավ էի ինձ զգում: Ցերեկը մենք հեռացանք քաղաքից: Մեր խմբի աղջիկներից մեկը` Հաննան, խոսքի մեջ ասաց, որ ինքը ևս շատ տարօրինակ ու ընկճված էր իրեն զգում մինչև քաղաքից հեռանալը: Երբ խմբի ղեկավարն ասաց, որ այդ քաղաքում մինչև 25 տարեկան մի շարք կանայք ինքնասպանություն էին գործել, ես ու Հաննան գունատվեցինք: Տեղացիներն «ինքնասպանությունների համաճարակ» էին անվանել երիտասարդ կանանց ինքնասպանությունները, քանզի դրանք չափազանց տարածված էին այդ քաղաքում:



