1in.am-ը գրում է.
Հաջորդ տարի Հայաստանում ամենաբարձր աշխատավարձը տրվելու է ՀՀ նախագահին. նրա աշխատավարձը կկազմի նվազագույն աշխատավարձի 20-ապատիկը, ամենացածրը՝ քաղծառայողին (նվազագույն աշխատավարձի 1.15 տոկոսը): Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը շատ կարևոր ցուցանիշ է, այն վերջին տարիներին չափազանց բարձր էր, ուստի հաջորդ տարի հարկային եկամուտների աճ չի նախատեսվում:
«Տարեվերջին կունենանք մեկ տոկոսից ավելի բարձր հավելում, կանխատեսումների համաձայն՝ այս տարվա ավարտին կունենանք 23.1-ից 23.6 տոկոս հարկեր-ՀՆԱ հարաբերակցություն: Այս առումով մեր հավելումը պայմանավորված չի լինելու վարչարարության որևէ նոր գործիքի կիրառմամբ, և եկամուտներն ապահովվելու են տնտեսական աճով և դեֆլյատորով»,- ասաց նա:
Մինասյանի խոսքով՝ 2014թ. պետբյուջեի եկամուտների ցուցանիշը կկազմի 1.134 մլրդ դրամ, ծախսային մասը՝ 1.244 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ 210 մլրդ դրամ: Ֆինանսական գլխավոր փաստաթղթի առաջնահերթություններ են սահմանվել սոցիալական ապահովության, կրթության և առողջապահության ոլորտները։
Մինասյանը նշեց, որ հաշվի առնելով 2013թ. տնտեսական աճի ցածր ցուցանիշը և բարձր գնաճը՝ 2013թ. կատարողականը կլինի բացասական, իսկ այս տարվա տնտեսական աճը կկազմի 4.1 տոկոս՝ 7.1 տոկոսի փոխարեն։ ՀՀԿ-ական պատգամավորը գնաճի բարձր մակարդակը պայմանավորեց էներգակիրների գների աճով, իսկ Հայաստանի տնտեսական աճի դանդաղումը՝ գործընկեր երկրներում տնտեսական աճի ավելի ցածր տեմպերով, ինչպես նաև շինարարության ոլորտի 10 տոկոս անկմամբ, ինչը կապված է «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարական աշխատանքների դանդաղեցմամբ։
Պատգամավորը հույս հայտնեց, որ հաջորդ տարի այդ ծրագիրը լայն թափով առաջ կգնա, իսկ Վրաստանի հետ մեր անցակետերում նոր մաքսային անցակետերի կառուցումը կխթանի շինարարության ոլորտի ցուցանիշի բարձրացմանը:
Գործազրկության 18.000 դրամ նպաստից շահառուներին զրկելու հարցն, ըստ Մինասյանի, քննարկվում է, հաճախ նաև՝ շահարկվում:
«Պետք է հասկանալ՝ ինչ նպատակով էին այդ գումարները տրվում, և արդյոք դրանք նպատակի՞ն էին ծառայում: Այս տարվա բյուջեի առանձնահատկությունն այն է, որ ներկայացվում է ծրագրային առումով, այսինքն՝ ծրագրերը պետք է գնահատել արդյունավետության տեսակետից: Այդ նպաստի միակ նպատակն այն էր, որ շահառուները աշխատանք գտնեին: ժամանակային սահմանափակում կար, ակնկալիք, որ այդ անձն այդ ընթացքում աշխատանք կգտնի, սակայն ծրագրի արդյունավետությունը բավական ցածր է՝ ընդամենը վեց տոկոս»,- ասաց նա: