Aysor.am-ը գրում է.
«Էլեկտրոէներգիայի սպառման դադարեցման պատճառը, որ իրանական կողմն է եղել` կասկածից վեր է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը` պատասխանելով Aysor.am-ի դիտարկմանը, թե իրանական կողմն արդեն ժխտել է, որ շաբաթ օրը հանրապետության հոսանքազրկման պատճառը հայկական էնեգահամակարգի անջատումն էր իրանական էներգահամակարգից:
Գագիկ Մինասյանը տեղյակ չէր, որ Իրանի էլեկտրագծերի կառավարման ընկերության տնօրեն Միրֆաթթահ Ֆաթթահ Ղարահբակը իրանական «Fars» գործակալությանը տված հարցազրույցում ասել էր, որ դա պայմանավորված չէ Իրանի էներգահամակարգից անջատվելով։
«Նախորդ շաբաթ Հայաստանում էլեկտրաէներգիայի անջատումը կապված է եղել երկրի էլեկտաէներգետիկ ցանցի ներքին խնդիրների հետ»,- ասել է տնօրենը։
Գագիկ Մինասյանը շեշտեց. «Իմ ինֆորմացիան չափազանց հստակ է, ես զրուցել եմ այդ թեմայով էնեգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ»:
Բանախոսը հիշեցրեց, որ յուրաքանչյուր տարի ԱԷԿ-ը մոտ 45 օր դադարեցնում է իր գործունեությունը` պրոֆիլակտիկ աշխատանքների և վերալիցքավորման համար և հիմա այդ շրջանն է և Հայաստանը Իրանից էլեկտրոէներգիա է ստանում:
Շաբաթ օրը պարզապես «Իրանից ստացվող էլեկտրոէներգիայի քանակը կտրուկ նվազել և հաճախականությունը մեծ ցանցում 50-ից հասել էր 45 հերցի, աշխատել են ավտոմատ համակարգերը. Ավտոմատ սարքերի աշխատանքի շնորհիվ որևէ սարքավորում շարքից դուրս չէր եկել: Մեր էներգետիկ համակարգ դիմացավ ցածր հաճախականության ռեժիմին, հետո նաև վերականգնվեց»,- շեշտեց Գագիկ Մինասյանը: