Արարատում առաջիկայում սպասվող ընտրությունների նախընտրական քարոզարշավի պրոցեսը ուղեկցվում է թեկնածուների՝ միմյանց ուղղված մեղադրանքներով:
Մասնավորապես, ՀՀԿ-ական թեկնածուն ԲՀԿ-ի թեկնածուի նախընտրական շտաբի կողմից քննադատվում է իր թիմակիցներ համարվող Արայիկ ու Արամայիս Գրիգորյանների՝ անցնող տարիների ընթացքում իրականացված բարեգործական ակցիաներն իր նախընտրական բուկլետում ընդգրկելու մեջ:

Հայաստանի Ընտրական օրենսգրքով բարեգործությունն ընտրարշավի ընթացքում, իհարկե, արգելված է: Բայց տվյալ դեպքում հասկանալի է, որ խոսքը նախկինում արված գործերի կամ առավելագույնը` ապագային վերաբերող խոստումների մասին է: Ասել է թե` օրենքի տառի տեսանկյունից խնդիր չկա, այլ հարց է` որքանո՞վ է արդարացված թեկնածուի կողմից մեկ այլ անձի, թեկուզ իր թիմակցի գործունեության արդյունքներն օգտագործելու մղումը:
Ու թեև օրենքի խախտում չկա, այդուհանդերձ, ԲՀԿ-ական թեկնածուն ու իր թիմակիցներն այս օրերին, կարծես, այլ բան չունեն խոսելու, քան հանրապետականի տարածած բուկլետի խնդիրն է: Ու հետաքրքիր է, որ այդ մասին խոսում է հենց ԲՀԿ-ական թեկնածուն, ում քարոզարշավն, ըստ էության, բաղկացած է երկու հիմնական գործոններից` ԲՀԿ և բարեգործություն:

Արարատից եկած հոսքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ Սամվել Բարսեղյանի քարոզարշավն, ըստ էության, իրականացնում են Արարատ գործուղված ԲՀԿ-ական պատգամավորները, իսկ ասելիքն էլ ԲՀԿ-ի ու նրա առաջնորդի՝ նախկինում իրականացրած գործունեությունն է:
Ստացվում է, որ Արարատում ԲՀԿ նախընտրական շտաբը ՀՀԿ նախընտրական շտաբին մեղադրում կամ ծաղրանքի է ենթարկում մի բանում, ինչով ինքն էլ զբաղված է: Դատեք ինքներդ` եթե ՀՀԿ-ականը Գրիգորյանների գործունեության մասին չգրեր բուկլետում, այլ պարզապես հայտարարեր ամբիոնից, շա՞տ բան էր փոխվելու: Իհարկե` ոչ: Այդ դեպքում՝ ինչո՞ւմն է խնդիրը. ՀՀԿ-ականի համար գրավոր են քարոզում, ԲՀԿ-ականները նույն բովանդակությամբ տեքստը բանավոր են հնչեցնում: Ստացվում է, որ օրենքի խախտումը թղթի՞ մեջ է:

Իրականում բոլորին էլ հասականալի է, որ թեկնածուների մարտավարությունը միանգամայն համարժեք է, և այստեղ աստիճանաբար որոշող է դառնում այն հանգամանքը, թե ով ավելի բարձր կգոռա՝ «բռնեք գողին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել