Արամ Աբրահամյան. «Գմփցնելու» կոչեր անողը կամ հոգեկան հիվանդ է, կամ սադրիչ, կամ ծայրահեղ արկածախնդիր«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Հայաստանում իսկապես չկա խոսքի ազատություն՝ մարդիկ վախենում են արտահայտել իրենց կարծիքը: Երեկ ես դրանում կրկին համոզվեցի: Շատ քչերի լեզուն է պտտվում ասել, որ փայտերով և պայթուցիկ նյութերով երթ անելը, անկախ նրանից, թե ինչ նպատակներ է այն հետապնդում և ինչպես է դա կոչվում (հեղափոխություն, թե հակահեղափոխություն)` վատ է, դատապարտելի է:

«Գմփցնելու» կոչեր անողը կամ հոգեկան հիվանդ է, կամ սադրիչ, կամ ծայրահեղ արկածախնդիր: Մարդիկ վախենում են այդ պարզ ճշմարտությունն արտաբերել, որովհետև վախենում են, որ իրենց կմեղադրեն «իշխանությանը ծառայելու» մեջ: Քաղաքական ուժերը նույնպես դա չեն ուզում դատապարտել՝ վախենալով կորցնել իրենց «ընդդիմադիր դիվիդենդները»: Լավագույն դեպքում կասեն՝ դե, ինչ արած, այս ռեժիմը ժողովրդին հասցրել է ծայրահեղ վիճակի, և այդ պատճառով հնարավոր են ահա այսպիսի դրսևորումներ: Այդ տրամաբանությամբ կարելի է արդարացնել նաև Նաիրի Հունանյանի «դրսևորումները»:

Ենթադրենք, «մոլոտով-կոկտեյլ»-ով կամ ինքնաձիգով հնարավոր է հեղափոխություն անել, իշխանափոխության  հարց լուծել: Միթե՞ պարզ չէ, որ հեղափոխությամբ իշխանության եկածները կլինեն ավելի կոոումպացված, ավելի ագահ և ավելի ցինիկ, քան այսօրվանները: Իշխանություն դարձած հեղափոխականները պատրանք կունենան, որ ունեն որևէ մեկի կողմից չվերահսկվող կամայականությունների և բռնությունների մանդատ: Այդպիսով՝ բոլոր մակարդակներում և մարզերում իշխանության գլխին կունենանք հարյուրավոր «լիսկաներ»: Եվ շատ հնարավոր է, որ ինքնաձիգ և պայթուցիկ ունեցողներին «մի գեղեցիկ օր» աթոռներից կքշեն տանկեր և ԲՏՌ-ներ ունեցողները: Եվ այսպես շարունակ:

Հայաստանին, անշուշտ, պետք է հեղափոխություն, որը ես հասկանում եմ որպես քաղաքական, հոգևոր, տնտեսական կյանքի կտրուկ արդիականացում, որակական թռիչք: Այդ հեղափոխությունը իրականացնում են, անշուշտ, քաղաքացիները, հասարակությունը: Երբ այդ որակական թռիչքն իրականացվի, այսօրվա իշխանությունները կդաոնան «ոչ ակտուալ», «ոչ արդիական», և խաղաղ, աոանց որևէ «գմփցնելիքների» կհեռանան:

Բայց մոդեռնիզացիան պետք է իրականացվի հասարակական պայքարի ժամանակակից ձևերով, ոչ թե այն պարզունակ ու հուսահատ մեթոդներով, որոնք 19-րդ դարում կիրառում էր Վոլոդյա Ուլյանովի ավագ եղբայրը: Նման դրսևորումները պետության տեսանկյունից հանցագործություն են, իսկ նորմալ քաղաքացիների համար, կրկնեմ՝ դատապարտելի և վտանգավոր ճանապարհ: Եվ պետք չէ վախենալ դրա մասին ասել:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել