
1in.am-ը գրում է.
Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը 1 մլն դոլար է ներդրել նոր սոցցանցի մեջ, որը նախատեսված է դեռահասների համար:
Այս մասին տեղեկությունը CNN հեռուստաընկերության Fortune բլոգում հայտնվել էր նոյեմբերի 4-ին:
Ինչպես հաղորդվում է, բացի Բիբերից՝ սոցցանցում ներդրումներ է կատարել նաև բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը: Ընդհանուր առմամբ՝ նախագծի հեղինակներին հաջողվել է ներգրավել մոտ 2,7 միլիոն դոլար:
Սոցցանցի ստեղծմամբ, որը կստանա Shots of Me անվանումը, զբաղվում է RockLive ընկերությունը, որն ավելի վաղ զբաղվել է բջջային հեռախոսների համար խաղերի ստեղծմամբ:
Ինչպես հայտնել է RockLive-ի գլխավոր տնօրեն Ջոն Շահիդին, որը գումարներ է ներդրել սթարթափում, երգչին հատկապես դուր է եկել այն, որ նոր սոցցանցը փորձում է «դեռահասներին տալ այն, ինչ չեն տալիս մյուս սոցցանցերը»:
App Store-ում Shots of Me-ի պաշտոնական հավելվածի գործարկումը նախատեսվում է նոյեմբերի առաջին կեսին: