1in.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայում գաղտնազերծվել են փաստաթղթեր, որոնցից երևում է, որ 1983 թվականին ՆԱՏՕ-ի երկրները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, եղել են ԽՍՀՄ-ի հետ միջուկային պատերազմի եզրին: Իրավիճակը ճգնաժամային էր՝ հաստատում են երկրի Ազգային արխիվի մասնագետները: 

«Բրիտանական և ամերիկյան հետախուզության խաղերը 1983-ին այնպիսի շփոթության մեջ էին գցել ԽՍՀՄ ղեկավարությանը, որ ԽՍՀՄ-ը սկսել էր Արևմուտքի հետ միջուկային պատերազմի մեկնարկի լայնամասշտաբ նախապատրաստություն»,- ասվում է փաստաթղթերում, որոնցից մեջբերում է անում բրիտանական The Daily Mail-ը:

«1983 թվականին ԽՍՀՄ ղեկավարությունը կարծում էր, որ Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն անխուսափելի է: Արկտիկայում լիարժեք մարտական պատրաստության վիճակում է գտնվել միջուկային հրթիռներով մի քանի խորհրդային սուզանավ, իսկ օդակայաններում պարեկել են մի քանի տասնյակ ռազմավարական ռմբակոծիչներ»,- ասվում է փաստաթղթերում:

Բրիտանացի պատմաբանների խոսքով, ովքեր առաջինն են կարողացել ծանոթանալ այդ փաստաթղթերին, 1983-ի նոյեմբերին աշխարհում ստեղծված իրավիճակը եղել է փոքր-ինչ ավելի լուրջ, քան 1962-ին Կարիբյան ճգնաժամի ժամանակ:

2013-ի օգոստոսին Մեծ Բրիտանիայի ազգային արխիվը գաղտնազերծել էր թագուհու ելույթը՝ Երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի առնչությամբ: Էլիզաբեթ II-ը իր ժողովրդին կոչ էր արել վճռական մնալ երկյուղալի հեռանկարների դեմ: Նա խնդրել էր նաև չմոռանալ ուժն ու առնականությունը, որոնք օգնել են ժողովրդին վերապրել երկու համաշխարհային պատերազմների տարիներին: 

Բրիտանացի թագահու ելույթը ևս մեկ ապացույցն է առ այն, թե Մեծ Բրիտանիան որքան լուրջ է վերաբերվել միջուկային պատերազմի սպառնալիքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել