Դիրիժաբլ (ֆր.՝ dirigeable բառից, որը նշանակում է «կառավարվող»), օդում թռչող թեթև ապարատ, որը օդապարիկ-շարժիչի (սովորաբար պտուտակավոր էլեկտրական կամ ներքին այրման շարժիչով) և կառավարման համակարգի կողմնորոշման համակցություն է, ինչի շնորհիվ դիրիժաբլը կարողանում է շարժվել ցանկացած ուղղությամբ` անկախ օդային հոսքերի ուղղությունից:
1852 թ-ին ֆրանսիացի գյուտարար Ա.Ժիֆարը կառուցեց երկարավուն, սիգարաձև, թեթև գազով լցված փոքր շոգեմեքենայով մի կառուցվածք, որը պտտման մեջ է դրվում թիապտուտակով և ղեկով, որն անվանեց դիրիժաբլ (ֆրանսերեն՝ կառավարելի):
1900 թ-ին տեղի ունեցավ կոշտ հիմնակմախքով դիրիժաբլի՝ ցեպելինի առաջին թռիչքը, որը կառուցել էր գերմանացի գյուտարար Ֆերդինանդ ֆոն Ցեպելինը: XX դարի սկզբին արդեն գոյություն ունեին ընկերություններ, որոնք դիրիժաբլով ուղևորներ և բեռներ էին փոխադրում: Ժամանակակից դիրիժաբլները շարժվում են անաղմուկ, անվտանգ են և հարմարավետ: Որպես կանոն՝ դրանք լցվում են հելիումով: Դիրիժաբլի հատակի տակ գտնվում է փակ գոնդոլը, որը նախատեսված է մինչև 20 ուղևորի համար: Գոնդոլի վրա ամրացված են դիրիժաբլը շարժման մեջ դնող շարժիչները: Օդաչուն թռիչքը ղեկավարում է մեծ ղեկով:
Որպես ուղևորների փոխադրամիջոց՝ դիրիժաբլները լայն տարածում չունեն, սակայն օդում անշարժ կախվելու հնարավորության շնորհիվ օգտագործվում են լուսանկարչական և հեռուստատեսային նկարահանումներ կատարելու համար: Մեծ չափերի, դժվար ղեկավարման ու դանդաղաշարժության պատճառով դիրիժաբլները լայն կիրառությունից դուրս են մղվել: