Պիպոյանը` վարակված կարտոֆիլի մասին. «Եթե Վրաստանը անօրինական է գործում, պետք է բողոքել համապատասխան ատյաններ»Panorama.am-ը գրում է.

Այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ հարևան Վրաստանը Հայաստանից բերված կարտոֆիլը որակում է փտախտով վարակված ու հետ վերադարձնում: Առաջին դեպքն այս տարվա ապրիլին էր, երբ լաբորատոր փորձաքննության արդյունքները վկայակոչելով, Վրաստանը հետ ուղարկեց 12 հազար կգ կարտոֆիլ: Երկրորդ դեպքի մասին հայտնի դարձավ նոյեմբերի 1-ին, խոսքն այս անգամ ավելի մեծ խմբաքանակի մասին է` 470 հազար կգ:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից վստահեցնում են, որ Վրաստանի նման որոշումը եղել է բանավոր, որին չի նախորդել լաբորատոր փորձաքննություն: Ծառայության պետի մամուլի քարտուղար Արմինե Սուքիասյանը վստահեցնում է, որ վրացական կողմից հիվանդության առկայությունը հաստատող փաստաթղթեր են ուզել, սակայն դրանք հայկական կողմին դեռ չեն տրամադրվել:

Ծառայությունը չի հրապարակում, թե ի՞նչ ընկերություն է եղել արտահանողը, որտե՞ղ է աճեցված եղել կարտոֆիլը:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, ով նախկինում ծառայության մամուլի խոսնակն էր, մտահոգություն է հայտնում, որ նախորդ դեպքի վերաբերյալ հայկան կողմը ոչ մի բողոք ոչ մի կառույցի չհասցեագրեց:

«Հիմա նույնը կրկնվում է: Եթե նույնիսկ Վրաստանը քաղաքական հարց է լուծում, ասենք հաշվի առնելով որ այն ինքնաբավ երկիր է ու սեփական արտադրողը ներկրումից վնաս է կրելու, ապա իրականացնում են այնքան գրագետ, որ որևէ խնդիր չեն ունենում»,-ասաց Պիպոյանն ու նկատեց, որ այդ երկրից պետք է սովորել ու ոչ թե Թուրքիայից սննդամթերք ներկրել ու տարբեր հիմնավորումներ բերել:

«Եթե Վրաստանը կարողանում է հիմնավորել ու մնալ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկիր, ապա դա նշանակում է, որ ամբողջ աշխարահին ինքը հիմնավորում է, որ ճշմարիտ է ինքը»,-ասաց ՀԿ նախագահը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել