Արդեն 12 տարի է Երևանի Կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզներում ընդհանուր ուսումնական ծրագրին զուգահեռ կիրառվում է ազգային ծեսերի, ժողովրդական երգ ու պարի ծրագիրը: Ծեսերը երեխաներին մատուցվում են հետաքրքիր, մանկական մտածողության ու հնարավորություններին համապատասխան, համեմված խաղիկներով, ասացվածքներով ու հանելուկներով: Այսօր Երևանի Մանկական զբոսայգում տոնում էին Նավասարդի տոնը: Ծեսի մատուցման ընթացքում մանկապարտեզի սաների մասնակցությամբ ներկայացվեց, թե ինչպես էին հայերը նշում այս գեղեցիկ ու բերքառատ տոնը՝ Նավասարդը: Շուրջը ամեն բան՝ ազգային երգն ու պարը, խաղերը, մասնակիցների գունեղ տարազները, հայկական բերքով ու բարիքով լի զամբյուղները, ծեսին բնորոշ ձևավորումը, ստեղծել էին հայեցի, հին ավանդական, օտարամոլությունից զերծ մթնոլորտ: Միջոցառմանը ներկա էր նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը: «Այսպիսի միջոցառումները նպաստում են երեխաների հայեցի դաստիարակմանը, ծանոթացնում իրենց ակունքներին: Մենք ջանք չենք խնայելու մատաղ սերնդին սերմանելու սեր դեպի ազգայինը, դեպի մեր մաքուր անաղարտ երգն ու պարը», նշեց վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել