1in.am-ը գրում է.
Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի դեպքում ՌԴ ռազմական աջակցությունը կարգավորվում է Հավաքական անվտանգության պայմանագրով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կասպիական համագործակցության ինստիտուտի գլխավոր տնօրեն, ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Միխեևը՝ անդրադառնալով Անդրեյ Ռուզինսկիի շատ քննարկված դիտարկումներին:
Նա առաջին հերթին ասաց, որ չի լսել հրամանատարի այդ դիտարկումները, ավելին՝ չի ճանաչում ռուս Ռուզինսկի հրամանատարի, սակայն կասի, թե նման հայտարարությունը ինչի վրա կարող է հիմնված լինել: Ըստ նրա՝ այն, ինչից շատերը զարմացել են, ասվել է բազմաթիվ անգամներ:
«Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, հետևաբար՝ եթե Հայաստանը ենթարկվի ագրեսիվ ռազմական գործողությունների, ապա բոլոր հարցերը պետք է կարգավորվեն այդ պայմանագրին համապատասխան: Այսինքն՝ ռազմական աջակցության տրամադրում և վե՛րջ»,- այսպես մեկնաբանեց ռուսաստանցի քաղաքագետը:
Հիշեցնենք, որ Հայաստանում ռուսական ռազմակայանի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին հետաքրքրական, շատերի պնդմամբ՝ սենսացիոն դիտարկումներով էր հանդես եկել իր հարցազրույցներից մեկում՝ հավաստիացնելով, որ ՀՀ-ում ՌԴ ռազմական բազան կներգրավվի ռազմական գործողություններում, եթե Ադրբեջանը որոշի զենքով լուծել Ղարաբաղն իրեն ենթարկեցնելու հարցը: