Եթե երբևէ դիտել եք ֆիլմեր կամ նկարներ Ճապոնիայի մասին, ապա կարող եք պատկերացնել աշնան գեղեցկությունը Ճապոնիայում: Թվում է՝ խոսքերով անկարելի է փոխանցել գետերի ու լճերի, դեղինի ու կարմիրի բազում երանգներով շողացող անտառների ու բլուրների կուսական գեղեցկությունը, բայց ճապոնացի բանաստեղծներին այնուամենայնիվ հաջողվել է դրոշմել աշնան այս չքնաղ պատկերները չափազանց սեղմ տողերում:
Ճապոնական պոեզիայում առանց ավելորդ պաճուճանքների ներկա են և՛ բնությունը, և՛ երաժշտությունը, և՛ ճապոնական ավանդական կրոնից՝ սինտոիզմից բխող բնապաշտական պատկերացումները: Քանի որ անհնար է մեկ հոդվածով սպառել այս մեծ ընդգրկում ունեցող թեման, խոսենք միայն "խայկու" եռատողերի մասին: Այո, սրանք այն համեստ եռատողերն են, որոնք կարող են ծիծաղ հարուցել ընթերցողի մոտ առաջին հայացքից անկապակից ու ոչինչ չասող բովանդակության պատճառով, բայց մտքում ստեղծված պատկերների վերլուծումը և ապրումակցումը հեղինակին բացահայտում է քիչ թվով բառերի ետևում թաքնված փիլիսոփայական իմաստը:

 

"Խայկու"-ն կամ "խոկկու"-ն ճապոնական պոեզիայում XIV դարում ծագում առած բանաստեղծական ժանր է: Այս ժանրում ստեղծագործող բանաստեղծը կոչվում է "խայդզին": Ինքնըստինքյան հասկանալի է, որ խայկու եռատողը ենթարկվում է տաղաչափության որոշակի կանոնների, որոնցից թեև երբեմն շեղումներ թույլ տրվել են տարբեր հեղինակների կողմից: Դասական խայկուն 17 վանկ է պարունակում, որոնք կենտրոնական (հատող) բառով կիսվում են 5:12 կամ 12:5 հարաբերակցությամբ: Իհարկե խայկուն եռատողի է վերածվել միայն արևմտյան աշխարհի լեզուներով թարգմանության մեջ, իսկ բնագրային լեզվում այն իրենից հիերոգլիֆների սյունակ է ներկայացնում:
Հետաքրքրական է, որ ավանդաբար խայկու բանաստեղծության մեջ պետք է պարտադիր նշված լինի տարվա եղանակը, այսինքն այն կարելի է բանաստեղծության "եղանակային" ժանր համարել: Խայկուի նյութ կարող է դառնալ բնության ցանկացած պատկեր, որն այս կամ այն կերպ առնչվում է մարդու կյանքի հետ, ըստ որում այդ ամենը շարադրվում է ներկա ժամանակում: Թեև խայկուն զուրկ է արևմտյան պոեզիային բնորոշ արտահայտչամիջոցներից և այս բանաստեղծություններն անգամ անվանումներ չունեն, բայց կարծում եմ ժանրի հանճարեղությունը հենց սեղմ ծավալում մեծ բովանդակություն փոխանցելու մեջ է: Համաձայնեք, որ ընդամենը մի քանի բառով հոգեվիճակ փոխանցելը հեշտ գործ չէ: Հատկանշական է, որ ճապոներենով լույս տեսնող խայկու ժողովածուներում ամեն բանաստեղծական տողը տպվում է առանձին էջի վրա, որպեսզի ընթերցողը կարողանա մի պահ կտրվելով ամեն ինչից խոկալ գրված մասին:
Ստորև ձեզ եմ ներկայացնում խայկու ժանրի ամենանշանավոր բանաստեղծ Մացուո Բասյոի և այլ հեղինակների աշնան խայկուներից կատարած իմ ծաղկաքաղ թարգմանությունը.
Ա՜խ, եթե աշնան քամին
Այնքան թափված տերևներ բերեր,
Որպեսզի տաքացներ բուխարին...
*  *  *
Փոթորկում է աշնան քամին...
Ուր-որ է կսրբի երկնքից
Նոր ծնված լուսնին...
*  *  *
Աշնանային լուսինը
Կապույտ երկնքում
Սոճի է նկարում տուշով...
*  *  *
Օ՜ թխկենու տերևներ...
Դուք չվող թռչունների
Թևերն եք այրում...
*  *  *
Աշնան լուսին...
Ա՜խ, եթե ես վերստին կարենայի ծնվել
Իբրև բլրի գագաթին աճող սոճի...
*  *  *
Ինչպե՜ս է սուլում աշնան քամին...
Այն ժամանակ միայն կհասկանաք իմ տողերը,
Երբ գիշերեք բաց դաշտում...
*  *  *
Աշնանն էլ է ցանկանում ապրել այս թիթեռնիկը...
Տե՛ս, խմում է անհագ
Խրիզանթեմի վրա հայտնված ցողը...
*  *  *
Թառամեցին աշնանը ծաղիկները...
Թափվում ու ցրվում են սերմերը,
Ասես արցունքներ լինեն...
*  *  *
Ծանրումեծ քայլերն է փոխում կռունկը
Նոր հնձված հասկերի վրայով...
Աշուն է գյուղում...
*  *  *
Ամայի հեռվում կարմիր-կարմիր արև...
Բայց աշնան քամին
Սառնություն է շնչում անխնա...
*  *  *
Այլևս երբեք նա թիթեռ չի դառնա...
Զուր դողում է թրթուրը
Աշնան քամուց...
*  *  *
Տերևները թափվել են արդեն...
Ողջ աշխարհը միագույն է,
Միայն քամին է գվվում...
*  *  *
Այգում ծառեր են տնկել...
Նրանց ոգեշնչելու համար
Կամացուկ շշնջում է աշնան քամին...
*  *  *
Սառնաշունչ փոթորկին հագեցնելու համար բույրով
Ուշ աշնանը կրկին
Բացվել են ծաղիկները...
*  *  *
Ամպը կախվել է արևի վրա...
Շեղակի թռչում են ահա
Չվող հավքերը...
*  *  *
Ընկերների զրույցը
Հեռու է վանել և ջախջախել է
Աշնան մառախուղը...
*  *  *
Ինչո՞ւ ես այս աշնանը
Այսպես ուժգին զգացի ծերությունը...
Ամպեր և թռչուններ...
*  *  *
Տերևն ընկնում է տերևի վրա...
Թափվել է ամեն բան
Եվ անձրևն ապտակում է անձրևին...
*  *  *
Աշնանային փոթորկի պոռթկում...
Ինչպե՜ս է դողում ու թրթռում
Բաղեղի յուրաքանչյուր տերևը...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել