1in.am-ը գրում է.

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Նարինե Ծատուրյանի գործի դատավարությունը:
44-ամյա Նարինե Ծատուրյանը մեղադրվել է պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:
Ըստ դատական ակտի՝ Ծատուրյանը 2009 թվականից որպես մենեջեր աշխատել է Վանաձորում գործող «Կարեն Հակոբյան» ՍՊԸ-ին պատկանող «Մալիբու» շոգեբաղնիք-հյուրանոցային համալիրում: 
Հաճախորդների քանակ ապահովելու միջոցով գույքային օգուտ ստանալով՝ 2011 թվականի հունվարից Ծատուրյանը պայմանավորվածություն է ձեռք բերել մի խումբ մարմնավաճառների հետ, իր աշխատավայր-հանրային հաստատությունում ընդունել է մարմնավաճառների հետ սեռական հարաբերություն ունենալու համար համալիրի առանձնասենյակներ և շոգեբաղնիքներ այցելած հաճախորդներին: 
Մենեջեր Ծատուրյանը հաճախորդների սթափության, իսկ անձամբ ճանաչելու դեպքում՝ նաև նյութական ապահովվածության ու վճարունակության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները հայտնել է մարմնավաճառներին, կազմակերպել նրանց հանդիպումները հաճախորդների հետ՝ տրամադրելով հյուրանոցի շոգեբաղնիքներն ու առանձնասենյակները: Ըստ դատական ակտի՝ Նարինե Ծատուրյանը մինչև 2013 թվականի մայիսի 17-ը նպաստել է մարմնավաճառներ Վիոլետայի, Մարիամի, Աստղիկի, Ռուզաննայի, Նարինեի, Աննայի կողմից պոռնկությամբ զբաղվելուն:
Իրեն լիովին մեղավոր ճանաչած ամբաստանյալի միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:
Դատարանը հաշվի է առել, որ ընտանիքի միակ կերակրող Ծատուրյանի խնամքին մեկ անչափահաս երեխա կա:
Նարինե Ծատուրյանը կալանքի տակ էր դեռևս այս տարվա մայիսի 18-ից: Դատարանը որոշել է, որ նա պատիժը պետք է կրի իրական ազատազրկման ձևով, և խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ:
Նարինե Ծատուրյանը դատապարտվել է 3 տարի ազատազրկման՝ առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու և որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկման: Պատժի սկիզբը՝ 2013 թվականի մայիսի 18-ից:
Իրեղեն ապացույց ճանաչված 401 դոլարը, 1000 ռուբլին և 949 հազար դրամը, որպես հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումար, հանձվել է պետությանը՝ որպես եկամուտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել