1in.am-ը գրում է.
Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, ադրբեջանական կողմը կրկին գնդակոծել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Դովեղ գյուղի պաշտպանական դիրքերը: Գնդակոծվել է նաև Դովեղ գյուղը: Գյուղապետ Սամվել Գորգինյանն «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ գյուղը գնդակոծումից չի տուժել, նյութական և մարդկային զոհեր, բարեբախտաբար, չկան:
«Կրակոցները սկսվել են 13:30-ից և շարունակվել են մեկ ժամ: Գյուղի ուղղությամբ պայթյունի ձայներ են լսվել, բայց մենք ուշադիր նայել ենք, գյուղում վնասներ չկան, կարող է շատ փոքր բաներ լինեն, որոնք չեն նկատվել: Մենք ձեռնարկել ենք նախազգուշական բոլոր քայլերը, զանգահարել են դպրոց, ուժեղացրել ենք պաշտպանությունը և զգուշացրել ենք, որ մարդիկ տներից դուրս չգան: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել»,- ասաց գյուղապետը: Նրա խոսքով՝ կրակոցներ հնչել են նաև Բարեկամավան գյուղի ուղղությամբ:
Գյուղապետը դժվարացավ ասել, թե վերջին շրջանում ինչով է պայմանավորված հակառակորդի ակտիվությունը: «Ես դրա մասնագետը չեմ, դրա համար դժվարանում եմ ասել, թե ինչի պատճառով են կրակոցները շատացել, բայց ժամանակ առ ժամանակ նման դեպքեր լինում են»:
Սամվել Գորգինյանի խոսքով՝ երեկ կրակոցների ժամանակ ճանապարհը նախազգուշական նկատառումներից ելնելով փակվել էր, սակայն այսօր առավոտյան արդեն, ըստ նրա, ճանապարհը բաց է: