Համացանցում հայտնվել է Samsung ընկերության ապագա ֆլագմանական Galaxy S5 սմարթֆոնի մասին տեղեկատվության նոր չափաբաժին: Նոր մանրամասները վերաբերում են նրա պրոցեսորին ու օպերատիվ հիշողության ծավալին:
Կորեական Digital Times ռեսուրսը, հենվելով մի քանի աղբյուրներից ստացված տեղեկատվության վրա, պատմել է, թե ինչ է մեզ սպասում Samsung-ի ապագա ֆլագմանում:
Կորեական արտադրողը պատրաստվում է հակահարված տալ Apple-ին՝ վերջինիս 64-բիտ iPhone 5s սմարթֆոնով, ու որոշել է, որ Galaxy S5-ը նույնպես կունենա 64-բիտ չիփ: Սակայն նոր պրոցեսորը չի լինի Exynos 5 ընտանիքից, ինչպես ավելի վաղ էին հայտնում, այլ նոր, առայժմ չհրապարակված Exynos 6 շարքից; Դա առաջին հերթին արվել է այն բանի համար, որպեսզի առանձնացվեն 64-բիտ ճարտարապետությամբ առավել առաջադեմ պրոցեսորները:
Ութ միջուկ ունեցող Exynos 6 պրոցեսորը, բացի 64-բիտից, կապահովի Heterogenous Multi-Processing տեխնոլոգիայի աջակցություն, ինչը թույլ կտա միաժամանակ 8 միջուկներին արդյունավետ աշխատել՝ ավելացնելով արտադրողականությունն ու նվազեցնելով էներգածախսը:
Սակայն դա դեռ ամենը չէ: Բացի գերհզոր պրոցեսորից, նոր ֆլագմանական սմարթֆոնը կստանա 4 ԳԲ օպերատիվ հիշողություն: Հարցը միայն նրանում է՝ կա՞ արդյոք դրա անհրաժեշտությունը, թե՞ դա ընդամենը մարքետինգային քայլ է: