Yerkir.am-ը գրում է.
ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և ևս վեց անձի վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը կկայանա հուլիսի 31-ին: Այս մասին Yerkir.am-ըտեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: Այս գործով մեղադրանք է առաջադրվել 7 անձի, որոնցից ներկայումս կալանքի տակ են միայն երեքը՝ Սամվել Բաբայանը, նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը: Իսկ Կարեն Քոչարյանի, Անդրանիկ Քոչարյանի, Ժորա Զաքարյանի և Դավիթ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերելուն:

Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը մեղադրվում են մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք բերելու, փոխադրելու և պահելու ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:

Կարեն Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք օժանդակել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն:

Հիշյալ գործը մակագրվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել