Սկսել ենք և շարունակում ենք մի գործընթաց, որը շատերի մոտ հարցականներ է առաջացրել:

Այս մասին Տավուշում հայտնեց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը:

«Այս ամենն ի վերջո կվերածվի՞ շարժման, այս ամենը կդառնա այն լոկոմոտիվը, որով ի վերջո կկարողանանք մեր առջև դրած խնդիրը լուծել: Խնդիրը շատ պարզ է, առաջին փուլում համազգային ճնշմամբ ստիպել դադարեցնել այն ապօրինի գործընթացը, որը ստացել է սահմանազատում անվանումը, որի անվան տակ տեղի է ունենում Հայաստանի տարածքների նվիրաբերում և միակողմանի հանձնում Ադրբեջանին»,- նշեց նա:

Աբրահամ Գասպարյանի խոսքով՝ մենք, հայերս նույնպես կողմ ենք, որ լինի սահմանազատման և սահմանագծման գործընթաց, բայց ոչ Հայաստանի և հայ ժողովրդի ազգային արժանապատվության և ազգային շահերի հաշվին:

«Այս գործընթացը, որ մենք սկսել ենք, այսօր երեկոյան այս կապակցությամբ լինելու է պաշտոնական հայտարարություն, որտեղ հստակ ընդգծված կլինեն մեր առջև դրված խնդիրները և այդ խնդիրները իրականացնելու ճանապարհներն ու միջոցները: Բոլոր այն քաղաքացիները, ովքեր վերջին օրերին անհնազանդության ակցիաներ էին իրականացնում ու իրենց ձայնն են միացրել այս գործընթացին՝ ինչ մոդել պետք է ունենա ու ինչ ձև և ինչ քայլեր պետք է անի մեզանից յուրաքանչյուրը այս գործընթացն իր տրամաբանական ավարտին հասցնելու համար: Բավական հետաքրքիր անակնկալներ են լինելու այդ հայտարարության մեջ և դրանից հետո ձևավորված խումբը ՝ մենք նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ, կարգավիճակ ենք տալիս և այդ խումբը ստանձնում է որոշակի գործողություններ իրականացնելու պատասխանատվություն»,- ընդգծեց գործիչը:

Ըստ նրա՝ այս ամենը դիտարկելու են նաև տարածական հարթության մեջ՝ Կիրանցով սկսվելու է և տարածվի ամբողջ ՀՀ մարզերով:

«Այս սարերը, այս բնությունը, այս հրաշքը հայկական է եղել և շարունակելու է մնալ հայկական: Եթե մենք ծուլանանք ՝ տանուլ ենք տալու և վերածվելու է քաոսի, իսկ դրանից օգտվելու են բոլոր այն մարդիկ, ովքեր ծաղրում են ցանկացած ազգային, հոգևոր և ոգեղեն:

Այս պահի դրությամբ տեղադրել ենք 2 վրան, մեկը լինելու է համակարգող խորհրդի վրանը, իսկ երկրորդը՝ ինֆորմացիոն կենտրոն: Կիրանցն իրար հետ դարձնենք Հայաստանի պարտվողական քաղաքականությանը վերջ տալու սկզբնակետը, որը որպես ճամբար օրինակ է ծառայելու: Մեկ անգամ է մնացել կռիվ տալու ճանապարհը, որովհետև այս կռվում եթե պարտվենք՝ մեր վիզը ծուռ է մնալու սերնդեսերունդ»,- շեշտեց Գասպարյանը:

Ըստ նրա՝ այս ձևավորված ապագա շարժումը սև-սպիտակ չի լինելու, լինելու է ազգային համերաշխության և մեր ուժերը հավաքելու ու ոտքի կանգնելու ու ազգային նպատակ իրականացնելու շարժում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել