Tert.am-ը գրում է.

Կառավարության վերջին նիստին Փաշինյանի պոռթկումն Արցախի պետական ինստիտուտների հասցեին և դրան հետևած իշխանամերձ տեղեկատվական գրոհը սպասելի էին։ Արցախի նախագահի հարցազրույցը ֆրանսիական լրատվականին ընդամենը առիթ էր, թրիգեր՝ վաղուց կուտակած մաղձը, որն արտահայտվում էր մինչև նիկոլական զեղումն Արցախի իշխանությունների ներկայացուցիչներին տարբեր սկանդալների մեջ ներքաշելով։

«Նուբարաշեն» ՔԿՀ-ից հերթական հոդվածում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Նիկոլի հիմնավորումները, թե՝ «Հայաստանում պիտի լինի ընդամենը մեկ կառավարություն», գրեթե ինչպես միշտ՝ քննադատության չեն դիմանում։

Նախևառաջ անառարկելի է, որ Արցախի պետական ինստիտուտների մանդատը չի տարածվում  և չի կարող տարածվել Հայաստանի Հանրապետության տարածքի և քաղաքացիների վրա։ Գուցե հոգեբանորեն Նիկոլին դիսկոմֆորտ է, որ իր իսկ մեղքով Հայաստանում են հայտնվել իր ազդեցությունից դուրս գտնվող Արցախի պետական կառույցները։ Սակայն ակնհայտ է, որ դա չէ Հայաստանում իշխանությունը զավթած ֆյուրերի նյարդային պահվածքի հիմնական պատճառը։

Խնդիրն այն է, որ Փաշինյանը և Ալիևը միասնական ջանքերով տապալելով Արցախի պետականությունը՝ հիմա քլինինգային օֆիսի մաքրուհիների ջանասիրությամբ փորձում են ջնջել երկրորդ հայկական պետության ցանկացած ցողունային բջիջ։ Ալիևը պայքարում է այդ ինստիտուտների շենքերի դեմ (հիշեք ԼՂՀ ԱԺ շենքի գմբեթի քանդումը) և հայերի հոգևոր-մշակութային հետքն է վերացնում Արցախում։ Իսկ Նիկոլին վերապահված է տարրալուծել արցախահայերին և թաղել Արցախի պետականության մասին հիշեցնող ատյանները։

Հատկանշական է, որ այն ընթացքում, երբ Նիկոլը Հայաստանում արշավ է սկսում Արցախի ինստիտուտների դեմ, Ալիևը ստեղծել է և գուգուրում է «Արևմտյան Ադրբեջանի» կառույցներ, որոնք ոչ միայն Ադրբեջանի ներսում արագորեն զարգանալու հնարավորություն են ստացել, այլև դուրս են գալիս միջազգային ասպարեզ՝ աշխատանք դեսպանատների հետ, միջազգային կառույցների հետ կումունիկացիա և այլն։

Անկեղծ պետք է լինեմ և ասեմ, որ Արցախի պետական կառույցներից ավելի ակտիվ գործունեություն է ակնկալվում՝ Արցախի հարցի՝ միջազգային քաղաքական օրակարգից չվերանալու համար։ Հասկանում եմ, որ արցախահայության ծանր սոցիալ-տնտեսական, հոգեբանական իրավիճակում և Հայաստանի գործող ռեժիմի թշնամական վերաբերմունքի պարագայում դա շատ բարդ մարտահրավեր է։ Սակայն այս հարցը կենսական է և պարտադիր է այն առաջնահերթ դիտարկելը։

Էլի ազնիվ պետք է խոստովանել, որ այս խնդիրը միայն Արցախի ղեկավարության պարտականությունը չէ, այլև ողջ հայ ժողովրդինը, ներառյալ՝ Սփյուռքը։ Այնինչ իմ տեսադաշտում (գուցե ես չգիտեմ) այդպիսի համազգային աջակցություն չի երևում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել