Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել կամ որեւէ տվյալ չենք ստացել, որը մեզ համար հիմք կհանդիսանար ուսումնասիրություն եւ վարույթ նախաձեռնելու համար: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ հավելելով, որ պատգամավորների հայտարարությունները հիմք չեն:

«Հանցագործության մասին հաղորդումն ունի որոշակի պահանջներ, բայց անկախ այդպիսի հաղորդումից, եթե լինում են հրապարակումներ, որոնք ուղեկցվում են տեսանյութերով, անպայման այդ հրապարակումները գլխավոր դատախազությունում ուսումնասիրվում են եւ ուղարկվում են համապատասխան ստուգողական գործողությունների: Կամ եթե բավարար է տվյալը, միանգամից մենք ուղարկում ենք քննչական մարմին՝ վարույթ նախաձեռնելու  հարցը լուծելու համար:

Անկախ վերջին իրադարձություններից, խոշտանգումների հետ կապված գրեթե բոլոր հաղորդումներով ու հայտարարություններով մենք ունենք նախաձեռնված վարույթներ: 2023-ին 5  վարույթ ուղարկել ենք դատարան: 2022-2024-ին մենք ունենք երկու վերջնական դատական ակտ խոշտանգումներով 4 անձի վերաբերյալ՝ ռեալ ազատազրկումներով»:

Դիտարկմանը, որ նշվում է, որ ոստիկանությունը Կիրանցում անհամաչափ ուժ է կիրառել, Աննա Վարդապետյանն ասաց. «Երբ ոստիկանության գործողությունները քննարկվում էին, մենք ստուգում ենք, որ ոստիկանը, որն իրավասու է կիրառել ուժ, դա համաչափ է, թե համաչափ չէ: Այն դեպքերում, երբ համաչափ չէ, նախաձեռնվում է վարույթ: Կան այդպիսի վարույթներ: Ունենք նույնիսկ պարեկների հետ կապված, երբ քաղաքացիներին տուգանելիս պարեկն ապտակում է ձեռնաշղթաներով կապված քաղաքացուն: Այդ պաշտոնատար անձը կալանքի տակ է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել