Խոսելով իբր իրենց օրոք՝ հետպատերզմյան շրջանում, բանակում ձեռնարկված բարեփոխումներից՝ Անդոնն ընդդիմությանն ու նրան «սպասարկող բայղուշներին» մեղադրել է կույր ձևանալու համար՝ միաժամանակ փնովելով «Գմբեթ» կոչվող պաշտպանական շինությունների կառուցումը: Ընդ որում՝ Անդոնը հատկապես թիրախավորել է լրագորղներին՝ տրտնջալով, թե չնայած իշխանությունները ստեղծել էին բոլոր բարենպաստ պայմանները, որ լրագրողները հնարավորություն ունենային՝ սեփական աչքերով տեսնելու կատարվածը, կառուցված ամրությունները, բնագծերի ամրապնդմանն ուղղված աշխատանքները և այլն, սակայն նրանք տեսնելուց հետո անգամ հրաժարվել են հանրությանը պատմել այն հսկայական աշխատանքի մասին, որ իբր կատարվել է՝ ի փառս հայոց բանակի:
Հարց է առաջանում՝ լրագրողների լռությունը բացառապես իշխանությունների հանդեպ հակակրանքի արտահայտությո՞ւն է, ինչի մասին ակնարկել է Անդոնը, թե՞ իրականում նրանք տեսել են այնպիս բաներ, որոնք առանձնապես գովեստի արժան չեն եղել, կատարված աշխատանքների ծավալներն էլ այնպիսին չեն եղել, որոնց օգնությամբ կարելի կլիներ ՔՊ-ի PR-ն անել:
Համենայն դեպս՝ բանակն այն ոլորտն է, որտեղ փորձ է արվում հնարավորինս քաղաքական նետրալիտետ պահպանել, և եթե իսկապես մի լավ բան լինում է, ինչը, ցավոք, հույժ հազվադեպ է լինում Պապիկյան Սուրիկի օրոք, ապա այդ մասին բարձրաձայնվում է:
Իրականում այն աշխատանքները, որոնք կատարվել են ու գուցե կատարվում են, հույժ անբավարար են՝ այն խնդիրներն ու մարտահրավերները հաշվի առնելով, որոնց այժմ բախվում է Հայաստանի բանակը: Թշնամին հետպատերազմյան փուլում բազմամլիարդանոց գործարքներ է իրականացրել իրեն զինող երկրների հետ՝ վերազինվելով նույնիսկ շատ ավելի լավ, քան նախկինում: Ի՞նչ ենք արել մենք՝ բացի այստեղից-այնտեղից մի քանի «խաղալիք» գնելուց, առայժմ պարզ չէ: Փաստ է այլ բան՝ հայկական բանակի վերազինումն ու ընդհանուր վերականգնումը շատ դանդաղ է ընթանում. եթե արագ ընթանար, այսօր Իլհամն իրեն վերջին սանձարձակի նման չէր պահի՝ իրեն բոլորից առավել երևակայելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել