Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի չեմպիոն, 20-ամյա Գոռ Սահակյանը երկամարտի 312 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ:

Եվրոպայի չեմպիոնը պոկում վարժությունում պայքարը սկսեց 142 կգ-ով եւ ձախողեց առաջին մոտեցումը: Երկրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը քաշային փոփոխություն չկատարեց, բայց 142 կգ-ը կրկին չհաջողվեց Գոռ Սահակյանին պոկել: Միայն երրորդ մոտեցմամբ Եվրոպայի չեմպիոնը պոկեց 142 կգ-ոց ծանրաձողը՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ այս վարժությունում:

Հրում վարժությունը եւս անհաջող ստացվեց Գոռ Սահակյանի համար: 20-ամյա ծանրորդը պայքարը սկսեց 170 կգ-ով եւ առաջին մոտեցումը ձախողեց: Երկրորդ մոտեցումը եւս չհաջողվեց Հայաստանի ներկայաոցուցիչի մոտ: Երրորդ մոտեցմամբ միայն Սահակյանը հրեց 170 կգ-ը: Այս վարժությունում նա պայքարն ավարտեց 5-րդ տեղով:

Ա խմբի երկամարտում Գոռ Սահակյանը 312 կգ արդյունքով երկրորդն է, բայց B խմբի առաջատար ինդոնեզացի ծանրորդը 9 կգ-ով գերազանցել է Հայաստանի ներկայացուցիչին (321 կգ):

67 կգ քաշայինների աշխարհի չեմպիոնի տիտղոսը երկամարտի 333 կգ արդյունքում (153+180) 5-րդ անգամ նվաճեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, Ասիայի կրկնակի չեմպիոն, չինացի Լիժուն Չեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել