Երեկ կառավարությունը որոշում կայացրեց գազի և հոսանքի վարձերի մասով: Հասկանալի է, որ այդ որոշման թիրախը սոցիալապես անապահով խավն է (ենթադրվում է, որ այդ խավի ճնշող մեծամասնությունը բնակվում է մարզերում):

Հիմա՝ բուն առաջարկի մասին: Կարծում եմ՝ ժամանակն է, որ մտածենք ոչ թե հետևանքները վերացնելու մասին, այլ բուն խնդիրը լուծելու: Հայաստանի նման արևային երկրում չունենալ արևային ավտոնոմ կայաններ, այդ թվում նաև՝ գյուղական տների տանիքներին, կարծում եմ՝ մեծ շռայլություն է: Միգուցե սոցիալապես անապահով խավին հենց այսօրվանից օգնենք ոչ թե վարձը վճարել, այլ արևային պանելներ տեղադրել, որպեսզի անընդհատ ստիպված չլինենք այդ վարձերը վճարել: Ի դեպ, արդեն երկար տարիներ շարունակ (անկախ այս իրավիճակից) պետությունը ինչ-որ չափով սուբսիդավորում է սահմանամերձ գյուղերի բնակիչների հոսանքի և գազի վճարները: Միգուցե հենց այդ գյուղերից էլ սկսենք արևային պանելների տեղադրումը: Բոլորը պնդում են, որ կորոնավիրուսից հետո կյանքը այլ է լինելու: Դե, ուրեմն, ինչքան շուտ սկսենք, այնքան ավելի հեշտ դուրս կգանք այս իրավիճակից: Փաստորեն, մեկանգամյա ծախսով կարող ենք լուծել անցյալի և, որ ամենակարևորն է, ապագայի ամենամսյա անիմաստ ծախսերի խնդիրը: Այդ դեպքում ինչո՞ւ չսկսել հենց հիմա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել