Մտածելը ոչ բոլոր մարդկանց տրված կարողություն է, խելացի մտածելը` շնորհ, առհասարակ մտածելուց զուրկ լինելը` հիմարների երջանկության գրավական, իսկ քո մասին մտածելը, գոնե ինձ համար, վաղուց արդեն սովորական ու միևնույն ժամանակ արտասովոր երևույթ: Ես կարող եմ օրվա մեջ 10, 20, 100, 1000 անգամ քո մասին մտածել (չեմ հաշվել, որովհետև այդ դեպքում երևի ավելի մեծ թվեր կստացվեն), բայց երբեք չկրկնվել, նախորդի պես չմտածել. դու մեկն ես, իսկ քո մասին մտքերս` շատ :
Սիրում եմ մեր հորինած թատրոնի ներկայացումները, որոնք հիմնականում միասին ենք բեմադրում` դու` քո ներկայությամբ, իսկ ես` իմ երևակայությամբ: Դու միշտ առանց զգուշացնելու ես հայտնվում բեմում և ներկայացումը սկսելուց առաջ երբեք չես զգուշացնում: Փորձում եմ կենտրոնանալ, մեկ էլ հո՜պ, հայտնվում ես ու ցրում բոլոր «կողմնակի» մտքերը, հիշեցնում քո մասին, թեև ես չէի էլ հասցրել մոռանալ: 
Շատ ինքնասիրահարվածը դուրս եկար հա, ուզում ես, որ ողջ ուշադրությունս քեզ վրա սևեռեմ, որ միայն քո մասին մտածեմ, մեկն էլ ասի` խանդոտ ինքնահավանի մեկն ես, իսկույն կնեղանաս: Անկեղծ ասած` ինձ դուր է գալիս քո եսակենտրոն բնավորությունը, որովհետև ես գիտեմ, որ աշխարհում կա մեկը, ում դու գոնե մի քիչ ավելի շատ ես սիրում, քան քեզ, ու այդ մեկը ես եմ: Օ՜, ինչպիսի պատիվ:
Բեմում հյուրի կարգավիճակը խորթ է քեզ, այդպես էր անգամ առաջին անգամ բեմ բարձրանալիս: Հիշում եմ, թե ինչպես եկար ու սկսեցիր մենախոսել: Անշուշտ, վստահ էիր, որ պիտի նախորդների պես միանգամից ծափահարեի, բայց այդպես չեղավ` ինչպես առանց ծափերի եկել էիր, այնպես էլ գնացիր: Երկրորդ այցդ շատ չուշացավ: Ես քեզ առանձնապես չէի սպասում, բայց գիտեի, որ կգաս: Այս անգամ ավելի ինքնավստահ էիր դարձել: Վստահ չեմ, որ հասկանում էիր գալուդ պատճառը, ուղղակի ուզում էիր ինքդ քեզ ապացուցել, որ ինչպես միշտ, հիմա էլ մի քիչ դժվար, բայց կհասնես նպատակիդ:
Սկսվեց: Ցանկացած մեկը ոտքի կկանգներ, կծափահարեր, քեզ ծաղիկներ կնվիրեր ու գուցե նաև լուսանկար ու ստորագրություն պահանջեր, բայց փոքրիկ սխալմունք էր տեղի ունեցել` ես ցանկացած մեկը չէի:
Ոչ, ես քեզ չէի արհամարհում, պարզապես իմ ներկայությունը բավական չէր, քեզ էլի ինչ-որ բան էր հարկավոր, դե գոնե ժպիտիս առիթը լինելու հնարավորություն, մի բան, որն ի սկզբանե նպատակ էր, որին պիտի սկզբունքայնորեն հասնեիր, հետո դարձավ պատրվակ, հետո` ցանկություն, հիմա երկուսս էլ լավ գիտենք, թե ինչ:
 Այն, որ ես ոչ միայն ժպտացի, այլև քեզ ներս հրավիրեցի իմ աշխարհ, ոչ թուլության նշան է, ոչ էլ նպատակի իրականացում, պարզապես ես իրերն իրենց անուններով եմ կոչում, եթե սիրում եմ, ուրեմն սիրում եմ, հետո ի՞նչ, որ խոսքը քեզ նման տարօրինակ երևույթի մասին է, պակասն էլ ես չեմ:

 Գիտես, մեր թատրոնում մենակ լինելը լավ չէ: Դու կարող ես անընդհատ ստեղծագործել, միայնակ ներկայացումներ բեմադրել, բայց վերջում անպայն ինքդ քեզ նույն հարցն ես տալիս` ո՞ւմ համար, հանուն ինչի՞: Եսկուսով ամեն ինչ փոխվում է, միասինը ուրիշ է, չեմ բացատրում, որովհետև գիտեմ, որ հասկանում ես ինձ: Պետք չի, որ շատերին հասկանալի լինեմ, դու բավական ես: Այո, իմ մտքերը հաճախ ձեռագրիս նման խուճուճ ու անհասկանալի են, բայց չէ՞ որ դու միշտ ցանկացել ես հնագույն արքաների պես հիերոգլիֆներով արձանագրություններ թողնել սերունդներին, հասկանալ դրանց նշանակությունը, ուրեմն պատկերացրու, որ ես էլ մի հիերոգլիֆ եմ:
Չեմ սիրում, երբ ինքդ քեզ որոշում ես նեղանալ, կռվել ու հեռանալ բեմից: Ներկայացման հետաձգմանը մի կերպ կդիմանամ, բա ինքնակոչ դերասաննե՞րը: Քո նմանակ ստվերները սկսում են պտտվել դահլիճում, ու դժվար է հասկանալ` գժվե՞լ եմ, թե՞ ուղղակի կարոտում եմ: Դռան ճռռոցը այլ կերպ է հնչում, երբ վերադառնում ես: Արժի դիմանալ ներաշխարհի փոթորկին, եթե գիտես, որ նավը միևնույնն է վերադառնալու է ափ:
Պաշտում եմ մեր ավանդական փաթաթը, երբ հաշտվում կամ մեր լեզվով ասած բարիշում ենք` ամենաջերմը, ամենասպասվածը, ամենահաճելին, ամենա-ամենան:
Մեկ-մեկ մտածում եմ` ինչ լավ կլիներ` ընդհանրապես իմ կյանքում չհայտնվեիր, արդար չի, որ առանց քեզ ինձ մոտ ոչինչ լավ չի ստացվում, հետո հասկանում եմ, որ դու դեմքիս արտահայտության նկարիչն ես, մուսաս, իմ հիասթափության ու ոգևորվածության պատճառը, իմ վերելքն ու վայրէջքը, ինձ ուժ տվողն ու առաջ մղողը, իմ հպարտությունը, իմ ամեն ինչը, իմը, միայն իմը:
Ինչ կերպարով էլ հայտնվես բեմում, ես կճանաչեմ քեզ, որովհետև միայն ես կարող եմ տեսնել քեզ կերպարանափոխությունից առաջ: Քո դեմքի արտահայտությունը տեսանելի է մինչև շպարը, տրամադրությունդ կարող եմ որոշել առանց այդ զիզի-բիզի ձևականության, որ «նորմալ» է կոչվում: Բողոքելու տեղ չունես. քեզ անգամ իմ երազներն ու երազանքներն են տեսանելի: 
Հպարտանալու արժանի բնավորությունս քեզ նման հպարտ չլինելն է: Եթե ես մի քիչ քեզ նման լինեի, հիմա «հերթական ընկերակցությունից» քեզ մենակ կզգայիր, իսկ ես աչքիդ  գրողը կլինեի, որպես միակ, ով չեղավ այն, ինչ դու էիր ուզում, իսկ ես երջանկությունը գերադասում եմ հպարտությունից:  Անշուշտ, ես հիմա էլ եմ միակը, բայց քեզ սիրելու ու սիրել սովորեցնելու առումով: 
Լավն այն է, որ մենք միշտ միասին ենք լինելու, միշտ էսպես հակասական, գիժ ու խելառ, ու կարևոր չէ, թե մարդիկ ինչպես են տեսնում մեզ, կարևորը մենք ենք, միայն մենք: Գուցե ոչ բոլորը կարող են վստահ լինել ՄԻՇՏ միասին լինելուն, բայց մենք կարող ենք, որովհետև, եթե մեզնից մեկը մյուսին գրողի ծոցն ուղարկի, անպայման կգնա էլ նրա հետևից...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել