Մի քանի օր առաջ ես իմ ֆեյսբուքյան էջում գրառում էի կատարել, որն էլ տեղ գտավ Blog.News.am և slaq.am կայքերում, ես իմ սուբյեկտիվ կարծիքն էի հայտել ս/թ մայիսի 20-ին Ալ. Սպենդիարյանի անվան ազգային օպերայի բալետի թատրոնում տեղի ունեցած «Անուշ» օպերայի մասին: Անկեղծորեն ես շատ խիստ էի դատել իմ լավ բարեկամներին, այդ գրառումը շատերի մոտ զայրույթ առաջացրեց, շատերն էլ օգտագործեցին այն որպես իրենց կեղտոտ գործերի զենք: Լինելով թատերասեր ու թատերական մարդ՝ ես չեմ կարող չարախնդալ և ուրախանալ իմ երկրում գործող մյուս թատրոնների որևէ ներկայացման տապալումով: Նույնիսկ բլոգում տեղի ունեցած քննարկման ժամանակ ես նշել էր, որ դիտել եմ այս ներկայացման հիանալի կատարումը... Նաև նշեմ, որ երբեք առիթը բաց չթողնելով հպարտացել եմ այդ թատրոնում գործող արտիստներով՝ համարելով նրանց մեր սերնդի արժեքներ... Ազգային օպերայի նոր աստղը` Գևորգ Հակոբյան2004 թվականին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Գեղամ Գրիգորյանը բեմադրեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: Բեմադրության որոշ լուծումների վիճելիությունը չխանգարեց, որ երաժշտասեր հասարակությունը տեսներ ու գնահատեր Մոսիի դերերգը կատարող երիտասարդ երգչին` Գևորգ Հակոբյանին:
Բարակիրան, գեղջկական պարզությամբ պատանին հայտնություն էր բեմադրության մեջ. երգիչը ներկայացնում էր պարզ ու միամիտ, ավանդական բարոյականությամբ առաջնորդվող Մոսիին, ով, սիրելով իր ընկեր Սարոյին, այնուհանդերձ, անկարող էր համակերպվել այն մտքի հետ, որ կարող էր ընկերն ընկերոջը գետին զարկել, մոռանալ ընկերություն ու ադաթ… Լեռնցու անմիջականությամբ, խանդաղատանքով և, միևնույն ժամանակ, անհողդողդ պատվասիրությամբ էր տոգորված Գևորգ Հակոբյանի Մոսին, ով իրապես նորություն էր «Անուշի» բազմաթիվ բեմադրությունների մեջ, քանզի Մոսի երգող մեր բոլոր երգիչները ծանրաշարժ էին, ի սկզբանե ինչ-որ ոխակալությամբ ու դաժանությամբ լցված: Այդպիսին էր անգամ երիտասարդ երգչի ուսուցչի` նշանավոր բարիտոն, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Դանիելյանի Մոսին, որը մեր օպերային ժառանգության ակնառու իրողություններից մեկն էր:

Գևորգ Հակոբյանը 1999-ին ընդունվել և 2004-ին ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Եվ հենց կոնսերվատորիան նոր ավարտած` 23 տարեկան հասակում, հրավիրվել է օպերայի և բալետի թատրոն: Ուրեմն՝ նրա Մոսին նաև ամենաերիտասարդն էր երբևէ մեր բեմում ներկայացված Մոսիների մեջ:

Իր առաջին պարգևն ու գնահատականը Գևորգ Հակոբյանը ստացել է տակավին 2000 թվականին` մասնակցելով Ավետիք Իսահակյանին նվիրված հանրապետական մրցույթին: Դափնեկրի կոչումը նրան ուժ ու եռանդ հաղորդեց: Իսկ ահա 2005-ին Մոսկվայում կայացած Բանակի միջազգային մրցույթում գրավել է առաջին տեղը: Այս հաջողությունները պատահական չէին, որովհետև երգիչն աչքի է ընկնում առանձնակի ձայնական տվյալներով, կատարողական ինքնատիպ վարպետությամբ, հարուստ արտահայտչականությամբ, արտիստականությամբ: Նրա ձայնածավալը հնարավորություն է տալիս կատարելու ինչպես բարիտոնի, այնպես էլ բասի համար գրված դերերգեր: Ձայնային մեծ հնարավորությունները, դրամատիկական կերպար ստեղծելու կարողություններն էլ օգնեցին Գևորգ Հակոբյանին 2005 թվականին կատարելու Ս. Ռախմանինովի «Ալեկո» օպերայի գլխավոր դերերգը` այսպես ազգային օպերային արվեստում սկզբնավորելով նաև երիտասարդ ու տաղանդավոր երգչի ժամանակը: Ունենալով ընդամենը յոթ տարվա ստեղծագործական կենսագրություն` Գևորգ Հակոբյանն արդեն կատարել է օպերային յոթ գլխավոր դերերգ, որոնցից ամեն մեկն ունի ուրույն բարդություններ, դրամատիկական ինքնատիպ ենթաշերտեր, ձայնածավալային խնդիրներ: Տիգրան Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերայի գլխավոր դերերգը սովորաբար կատարում են բասերը կամ բաս-բարիտոնները: Հիշենք Միհրան Երկաթին, ում Արշակն այս դերերգի լավագույն կատարումներից էր` հագեցած նաև դերասանական համակողմանի խաղով, ողբերգական որոշակի շեշտավորմամբ: Գևորգ Հակոբյանը վստահությամբ ոտք դրեց բասերի տարածք և ստեղծեց երաժշտադրամատիկական այնպիսի կերպար, որում առաջնայինը անհատի ճակատագրի ընդգծումն էր` դիտարկված պատմական իրադարձությունների խորապատկերին: «Անհատի ճակատագիր-ժողովրդի ճակատագիր» պուշկինյան թեզն իր ինքնատիպ արտահայտությունն էր գտել այս դերերգում: Գևորգ Հակոբյանի Արշակը որքան հերոսական ու մոնումենտալ էր, ով խորհրդանշում էր իշխանությունն ու պետությունը, նույնքան էլ մարդկայնորեն խոցելի և անպաշտպան էր: Երգիչը հրաշալիորեն էր մատուցում այն բոլոր բարդ վիճակները, որոնցում հայտնվում էր Արշակը` և´ ջանալով հասնել իշխանության ամրապնդմանը, և´ դիմակայելով արտաքին թշնամուն` այս ամենի մեջ լուծելով նաև հոգեբանական խնդիրները:
Ազգային օպերայի մյուս կարևորագույն դերերգը, որը կատարեց երգիչը, Դավիթ Բեկն էր Ա. Տիգրանյանի համանուն օպերայից: Ազգայինից զատ` Գ. Հակոբյանը թափանցել է նաև ռուսական և արևմտաեվրոպական օպերաների աշխարհ, կատարել Էբն-Խակիայի դերերգը Պ. Ի. Չայկովսկու «Իոլանտա» օպերայում, ապա երգել Տոնիո Պ. Լեոնկովալլոյի «Պայացներ» օպերայում:

Գևորգ Հակոբյանը օպերային տարբեր դերերգերով հանդես է եկել մի շարք արտասահմանյան թատրոններում՝ Կալիարի (Իտալիա), Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստան) և այլն:

Բարձր են գնահատվել երիտասարդ, այսօր արդեն աշխարհի մի շարք օպերային թատրոններում իր ներկայությունը հաստատած երգչի տաղանդն ու ծառայությունները. 2007 թվականին Գևորգ Հակոբյանն արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին` օպերային երգեցողության ասպարեզում ունեցած ակնառու հաջողությունների համար, իսկ 2011-ին, ՀՀ Անկախության 20-ամյակի առթիվ, նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել