Գունեղ շոու, ֆանտաստիկ առաջին հանդիպում․ թերևս այսպես կարելի է հակիրճ նկարագրել նախօրեին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում կայացած Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը և Ռուսաստան-Սաուդյան Արաբիա մեկնարկային խաղը:

Միևնույն ժամանակ պետք է նկատել, որ որոշակի կազմակերպչական «թերացումներ», այնուամենայնիվ, կային: Խոսքը, մասնավորապես, բարձրաստիճան օտարերկրյա հյուրերի նստեցման մասին է: Այսպես՝ առաջին շարքում, բացի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից և FIFA-ի ղեկավար Ջիաննի Ինֆանտինոյից, նստած էին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը (հաշվի առնելով, որ Սաուդյան Արաբիայի հավաքականն էր խաղալու առաջին հանդիպմանը, դա միանգամայն տրամաբանական էր), Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և բարձրաստիճան այլ հյուրեր:

Image may contain: 12 people

Երկրորդ շարքում նստած էին Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Պարագվայի նախագահ Մարիո Աբդո Բենիտեսը, Պանամայի նախագահ Խուան Կառլոս Վարելան, Ռուանդայի նախագահ Պոլ Կագամեն, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը և այլք: Կազմակերպչական թիմը երրորդ շարքը հատկացրել էր Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին, ԿԺԴՀ Գերագույն ազգային ժողովի պրեզիդիումի նախագահ Կիմ Յոն Նամին, ռուս միլիարդատեր Ալիշեր Ուսմանովին և բարձրաստիճան այլ հյուրերի:

Image may contain: one or more people

Թեև սա սպորտային միջոցառում էր, դա չի նշանակում, որ դիվանագիտական արարողակարգը կարելի էր անտեսել և առաջին շարքում տեղ հատկացնելով, օրինակ, Բոլիվիայի նախագահին՝ ետին պլան մղել ռազմավարական գործընկերներին: Անհասկանալի էր մոտեցումը նաև հակամարտության կողմեր հանդիսացող երկրների ղեկավարների նստեցման կարգի վերաբերյալ, երբ Ի. Ալիևին տեղ էր հատկացվել առաջին շարքում, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով նաև ռազմավարական գործընկեր է, երրորդ:

Հիշենք նաև, որ Սոչիում կայացած ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը բարձրաստիճան հյուրերի նստեցման կարգում նման ակնառու խնդիրներ չկային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել