168․am-ը գրում է

Դերասան Ռոբերտ Դաունի Կրտսերը 10 մլն դոլար է վաստակել «Սարդ-մարդը. վերադարձ տուն» ֆիլմում էկրանային 15 րոպեի ընթացքում: Այդ մասին գրել է Variety հանդեսը:

Հրատարակությունը նշում է, որ թոփ-ցուցակի դերասանները կարող են դերի համար ստանալ նաեւ 20 միլիոն դոլար եւ ավելի, սակայն նման հոնորարները հնարավոր են միայն ֆրանշիզային խոշոր նախագծերում կամ կապված են վարձույթի պատկառելի դրամամուտքերի հետ: Ինչ վերաբերում է Դաունի Կրտսերին, նա այդքան գումար կստանա, եթե նրա «Երկաթե մարդ» հերոսը լինի ֆիլմի կենտրոնական ֆիգուրը: Սակայն, ինչպես նշում է Variety-ն, դերասանները համաձայնում են նաեւ հոնորարների նվազմանը:

Օրինակ, Լեոնարդո դի Կապրիոն 20 մլն դոլար էր պահանջել Քրիստոֆեր Նոլանի «Սկիզբ» թրիլլերին մասնակցելու համար, բայց կրկնակի նվազեցրել էր իր պահանջները (մինչեւ 10 մլն դոլար) Քվինտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» կինոնկարում խաղալու հնարավորության համար:

Հանդեսը ներկայացրել է վերջին ժամանակների «ամենաթանկ» դերերի ցուցակը: Առաջին հորիզոնականն զբաղեցրել է Դենիել Քրեյգը, որը 25 մլն դոլար է պահանջել «Բոնդ 25» ֆիլմում բրիտանացի գործակալին մարմնավորելու համար: Դուեյն «Ժայռ» Ջոնսոնը «Կարմիր շրջաբերական» կինոնկարի համար կստանա 22 մլն դոլար, եռյակը 20 մլն դոլարով եզրափակում է Վին Դիզելը՝ «Ֆորսաժ 8»-ի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել