Մտահոգություններ հնչեցին Նիկոլ Փաշինյանի կողմից արված այն արտահայտության առնչությամբ, որ Հայաստանը հանդիսանում է արցախա-ադրբեջանական կոնֆլիկտի կողմ: Իհարկե, հասկանալի է դա, քանի որ Ադրբեջանը մշտապես կոնֆլիկտը ներկայացնում է որպես հայ-ադրբեջանական՝ դրանով միջազգային հանրությանը փորձելով հասկացնել, թե իբր այն տարածքային վեճ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Թեև թեման բավական նուրբ է, և մասնագետները միգուցե դեռ կքննարկեն, բայց, իմ կարծիքով, այստեղ սարսափելի բան չկա:

Տվյալ միտքը, նախ, պետք է դիտարկել նրա կողմից արված մի շատ կարևոր հայտարարության համակցությամբ, այն է՝ Արցախը պետք է լինի բանակցային կողմ: Այսինքն՝ նա փաստում է, որ կոնֆլիկտի կողմերից մեկն Արցախն է, և սխալ է, որ նա բանակցային գործընթացից դուրս է, իսկ վերջինի անունից էլ որևէ այլ պետություն չի կարող բանակցել և որոշում ընդունել: Հետևաբար, Փաշինյանի առաջին մտքից չի բխում, որ կոնֆլիկտի կողմերը միայն Հայաստանն ու Ադրբեջանն են, որպեսզի այն դիտվի իբրև տարածքային վեճ այդ երկու երկրների միջև: Հենց սա է ամենաառանցքային մեխը:

Հիշենք, որ Դովիլում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների հայտարարությունում տեղ էր գտել «հակամարտության բոլոր կողմեր» ձևակերպումը: Այստեղից էլ երևում է, որ ՀՀ-ն միջազգային փաստաթղթերում նույնպես ճանաչվում է որպես կոնֆլիկտի կողմ: Դրանից հետո նախորդ իշխանությունն օգտագործում էր այդ ձևակերպումը՝ ընդգծելու համար, որ, բացի Հայաստանից, Արցախն էլ առնվազն անուղղակիորեն ճանաչվել է կոնֆլիկտի կողմ, ըստ այդմ էլ՝ փաստացի ընդունելով, որ Հայաստանը նույնպես կողմ է:

Պետք է նշել, որ Հայաստանը դասական իմաստով էլ կոնֆլիկտի կողմ է, եթե ոչ հիմնական, ապա գոնե հարակից սուբյեկտի կարգավիճակով: Կարևորն այդ կողմին ճիշտ ներկայացնելն ու դիրքավորելն է, որպեսզի խնդիրը չդառնա կամ չներկայացվի իբրև տարածքային վեճ: Եվ Փաշինյանը հենց այդ դիրքավորումն էր փորձում ապահովել: Հետևաբար, որքան էլ հայտարարենք, թե Հայաստանը կողմ չէ, անվտանգության երաշխավոր է և այլն, միևնույն է, եթե նա բանակցում է կարգավորման շուրջ առանց Արցախի, ապա կոնֆլիկտն ավտոմատ մղվելու է երկկողմ հարաբերության ոլորտ Հայաստանի ու Ադրբեջանի միջև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել