ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստում սպորտի եւ երիտասարդության նախարարի պաշտոնում առաջադրվել է լեգենդար մարզիկ, ներկայումս ՀՀ նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանը: Այս մասին այսօր` մայիսի 7-ին, ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ համոզմունք հայտնեց, որ ինչպես 1980-ականներին ենք մեծ նվաճումներ ունեցել, այնպես էլ հիմա ենք ունենալու:

ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստի օրակարգում, ամփոփելով ավագանու ընտրությունները, դրական են գնահատել ընթացքն ու ամփոփումը:

Ինչ վերաբերում է կառավարության կազմի ձեւավորմանը, վարչապետի առաջարկությամբ գործադիր մարմնի եւ խորհրդի  միաձայն քվեարկությամբ որոշվել է կառավարության աշխատակազմի ղեկավարին օժտել նաեւ նախարարի գործառույթով: Այդ պաշտոնում առաջարկվել է նշանակել Վաչե Գաբրիելյանին:

Ֆինանսների նախարարի պաշտոնում առաջարկել են Դավիթ Սարգսյանի թեկնածությունը: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում առաջադրել են միջազգային հայտնի փորձագետ, նախկին նախարար Վահրամ Ավանեսյանի թեկնածությունը, իսկ ներկայումս էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանը որպես ՀՀԿ-ի ներկայացուցիչ կծառայի այլ ոլորտում:

Մնացած բոլոր նախարարները կմնան իրենց պաշտոններում:

Իսկ փոխվարչապետի եւ տարածքային կառավարման նախարարի պաշտոնում կվերանշանակվի Արմեն Գեւորգյանը:

Այլ հարցեր չեն քննարկել:

ՕԵԿ-ի երեք պորտֆելները կպահպանվեն, եւ նրանք պետք է ներկայացնեն կազմը:


Աղբյուրը՝ News.am 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել