Tert.am-ը գրում է.

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով մարտի 18-ին կայացած ՌԴ նախագահական ընտրություններում գործող նախագահ Վլադիմիր Պուտինի ստացած 76,67% ձայներին, նշեց, որ չի կարծում, թե արդյունքները որևէ մեկի համար անակնկալ էին, իսկ այդպիսի ընտրությունները՝ անսպասելի:

«Ռուսաստանի նախագահական ընտրությունները տեղի ունեցան այլընտրանքի բացակայության պայմաններում: Այսինքն՝ ռուսական քաղաքական համակարգը բերվել է մի այնպիսի վիճակի, որ Ռուսաստանի գործող նախագահն ընտրապայքարում իրական այլընտրանքային մրցակից չուներ. խոսքը չի վերաբերում իմիտացիոն թեկնածուներին, կամ այն թեկնածուներին, որոնք այնպիսի քարոզարշավ էին անցկացնում, որ Ռուսաստանի հասարակության համար էլ ավելի համոզիչ դարձնեն Պուտինի մոտեցումները»,- ասաց նա:

Ըստ Խաչատուր Քոքոբելյանի՝ երկրորդ կարևոր խնդիրն այն է, որ ՌԴ նախագահի այս ընտրությունները ցույց տվեցին, որ ռուսական քաղաքական համակարգում ընտրությունները որպես գործոն ամբողջովին վերացվել են:

«Բոլորս գիտենք, որ ժողովրդավարության ամենակարևոր ցուցիչը ընտրություններն ու ընտրական ինստիտուտի կայացվածությունն են, բայց ցավով արձանագրում եմ, որ մարտի 18-ի ընտրությունները ցույց տվեցին, որ Ռուսաստանի քաղաքական համակարգում ընտրությունը որպես գործիք թե՛ ժողովրդավարության, թե՛ այլընտրանքների հաստատման առումով պարզապես բացակայում է»,- ասաց նա՝ շեշտելով, որ Ռուսաստանի քաղաքական համակարգը միահեծան բնույթ ունի, լճացման է գնում և կտրված է Ռուսաստանի քաղաքացիների իրական խնդիրներից: 

Ինչ վերաբերում է Հայաստանում բացված ընտրատեղամասերում Ռուսաստանի նախագահի ընտրությունների արդյունքներին, ըստ որոնց՝ Գյումրիում բացված տեղամասում Վլադիմիր Պուտինը ստացել է ձայների 94.74%-ը, իսկ Երևանում` 90%-ը, Խաչատուր Քոքոբելյանը դա էլ անսպասելի չհամարեց և անվանեց խայտառակություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել