Օրեր առաջ համացանցում լուրեր էին պտտվում, թե աշխարհահռչակ ռեժիսոր, դերասան Սիլվեստր Ստալոնեն մահացել է։ Մասնավորապես Ֆեյբուքում Torrealba Daniel անվանմամբ հանդես եկող օգտատերը լուսանկարներ էր հրապարակել՝ հավելելով, որ Ստալոնեն մահացել է առավոտյան, շագանակագեղձի քաղկեղից, ինչը նա միշտ թաքցրել է հանրությունից։

Բանն այն է, որ տեղեկության ճշտությունն առանց ստուգելու լուսանկարը միլիոնավոր մարդիկ են տարածել և հայտնել իրենց ցավակցությունն ու ափսոսանքի խոսքերը։

Քանի որ նկարն առեղծվածային կերպով այդքան մեծ տարածում գտավ, Սիլվեստր Ստալոնեն որոշեց խոսել այդ մասին։ Սոցցանցերի իր էջերում նա գրել է․ «Խնդրում եմ, ուշադրություն մի դարձրեք այդ հիմարության վրա։ Ողջ եմ ու շատ լավ, ուրախ և առողջ։ Դեռևս կամ»։

Նրա եղբայրը՝ Ֆրանկ Ստալոնեն ևս անդրադարձել էր իր եղբոր մահվան մասին տարածված կեղծ լուրերին՝ նշելով, որ հրապարակված նկարները արված են «Creed» ֆիլմի նկարահանումների ընթացքում։ Ֆեյսբուքյան կեղծ հրապարակումն արդեն հեռացվել է։

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ․ 2 տարի առաջ ևս սոցցանցերի օգտատերերը որոշել էին «սպանել» Ստալոնեին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել