Ոստիկանությունում հաշվառված մուրացկանությամբ զբաղվող երեխաների թիվը նախորդ տարվա համեմատ էականորեն նվազել է: Հունվարի 26-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3- րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

« 2017 թվականին ոստիկանությունում հաշվառված էր 18 երեխա, այսօրվա դրությամբ մուրացկանությամբ զբաղվող երեխաների թիվը 2-է, որոնցից մեկը Երևանում է, մյուսը` Աբովյանում: Այդ 16 երեխաները հետ են կանգնել մուրացկանությամբ զբաղվելուց: Այստեղ անհրաժեշտ է համալիր աշխատանք` սոցիալական ծառայությունների, մարզպետարանների, համայնքների և այլ կառույցների մասնակցությամբ, որպեսզի երեխան փողոցում չհայտնվի և մուրացկանությամբ չզբաղվի»,- նշեց Դուրյանը:

Նրա խոսքով`ոստիկանությունում այն երեխաներն են հաշվառվում, ովքեր բազմիցս հայտնվել են աշխատակիցների ուշադրության կենտրոնում:

«Ոստիկանության պետի հրամանով ստեղծվել է մուրացկանների և թափառաշրջիկների հարցերով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի նպատակն է անել ամեն-ինչ, որպեսզի երեխան մուրացկանությամբ չզբաղվի»,-նշեց Դուրյանը:

«Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի նախագահ Միրա Անտոնյանը նշեց, որ այստեղ կարևոր դեր ունի նաև հասարակության վերաբերմունքը:

«Հաճախ մենք պարզապես գումար ենք տալիս ու անցնում: Երբ մարդիկ այդպես են վարվում, խրախուսում են երեխային զբաղվել մուրացկանությամբ: Երեխան իր մեջ ձևավորում է բանաձև` սա է տարբերակը և ճիշտ ձևը: Այնինչ մարդիկ, նկատելով երեխային, ոչ թե պետք է գումար տան, այլ պետք է ահազանգեն համապատասխան կառույցներ, քանի որ երեխայի հետ պետք է խորքային աշխատանք տարվի»,- ասաց Անտոնյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել