Զարմանալի է, սակայն շատ ղեկավարներ անդադար բողոքում են, որ իրենց լավագույն աշխատակիցները հեռանում են աշխատանքից։ Եվ եթե դա այդպես է, ապա նրանք շատ լուրջ խնդիր ունեն, քանի որ ցանկացած ընկերության համար լավ կադրերի կորուստը վատագույն բանն է։ Դեպքերի նման զարգացումը կարելի է բարդել ցանկացած բանի վրա, սակայն փաստն այն է, որ մարդիկ հեռանում են աշխատանքից, եթե չեն հավանում ղեկավարությանն ու աշխատանքային պայմանները։

BlogNews-ը Ձեզ է ներկայացնում ղեկավարների 9 հիմար արարքներ, որոնց պատճառով լավագույն աշխատակիցները հեռանում են իրենցից։

1. Չափազանց մեծ ծանրաբեռնվածություն

Մեծ ծանրաբեռնվածությունն էմոցիոնալ պայթյունի հիմնական պատճառն է։ Եթե լավ մասնագետների հետ եք աշխատում, ապա մեծ է գրավչությունը նրանցից առավելագույն «օգուտը» ստանալու, սակայն նրանք այդ ամենն այլ կերպ են հասկանում։ Նրանց թվում է, որ իրենց պատժում են լավ աշխատանքի համար։ Բացի այդ՝ պետք է միշտ հիշել, որ ծանրաբեռնվածության աճի հետ նվազում է աշխատանքի արդյունավետությունը։ Շատ հետազոտություններ ցույց են տվել, որ շաբաթական 50 կամ ավելի ժամ աշխատելու դեպքում նույնիսկ ամենալավ աշխատակցի աշխատունակությունը նվազում է մի քանի անգամով։

2. Լավ աշխատանքի համար բոնուսների բացակայություն

Առաջին հայացքից կարող է թվալ, որ գովեստի խոսքը նշանակություն չունի լավագույն աշխատակցի համար, ով արդեն իսկ ունի անսահման մոտիվացիա։ Սակայն դա այդպես չէ, քանի որ գովեստն օգնում է նույնիսկ նրանց, ովքեր ամբողջովին նվիրվել են աշխատանքին։ Ղեկավարները պետք է ավելի հաճախ շփվեն իրենց ենթակաների հետ և հասկանան, թե ինչպես կարելի է նրանց ոգեշնչել ու պարգևատրել։ Եվ միշտ հիշեք, որ տաղանդավոր աշխատակիցների դեպքում սա պետք է մշտապես անել։

3. Մարդկային խնամքի բացակայություն


Աշխատանքից հեռացող մարդկանց ավելի քան 50%-ը գնում է, քանի որ չի կարողանում վստահությամբ լի հարաբերություններ կերտել ղեկավարների հետ։ Այդ իսկ պատճառով էլ խելացի ղեկավարները կարողանում են գտնել պրոֆեսիոնալության և մարդկայնության հավասարակշռությունը։ Իսկ նրանք, ովքեր չեն կարողանում, շարունակում են գանգատվել, որ բոլոր լավ աշխատակիցները վաղ թե ուշ հեռանում են։

4. Պարտականությունների թերի կատարում

Աշխատակցին խոստում տալով՝ դուք կարող եք երջանկացնել կամ հիասթափեցնել նրան՝ հանգեցնելով վերջինիս հեռանալուն։ Կատարելով Ձեր խոստումը՝ դուք արդարացնում եք նրա ակնկալիքներն ու բարձրանում եք նրա աչքերում, ինչը շատ կարևոր է։ Իսկ եթե ղեկավարը չի կատարում իր խոստումները, ապա վաղ թե ուշ աշխատակիցը սկսում է հետևել նրա օրինակին։

5. Անհամապատասխան աշխատակիցների ընդունում և առաջխաղացում


Լավ և աշխատասեր մարդը ցանկանում է իր կողքին տեսնել բարեխիղճ աշխատողների։ Եթե ղեկավարը ուշադիր չի լինում նոր աշխատակիցների ընտրության հարցում, ապա դեմոտիվացնում է հին աշխատակիցներին։ Իսկ անհամապատասխան աշխատակիցներին պաշտոնի բարձրացում շնորհելը աղետալի հետևանքներ է ունենում ընկերության համար։ Այն մարդը, ով քրտնաջան աշխատում է, սակայն չի ստանում պաշտոնի բարձրացում, սկսում է իր գիտելիքների ու տաղանդների կիրառությունն այլ ընկերություններում փնտրել։

6. Երազանքի ետևից գնալու փորձերի խափանում

Տաղանդավոր մարդիկ միշտ էլ տարված են իրենց աշխատանքով։ Իրենք միշտ էլ հույսեր և երազանքներ ունեն, որոնք ձգտում են իրագործել։ Այդ ձգտումը ստիպում է նրանց արդյունավետ աշխատել և աշխատանքից հաճույք ստանալ։ Սակայն շատ ղեկավարներ սահմանափակում են իրենց ենթականերին, ինչը հանգեցնում է արժեքավոր աշխատակիցների կորստի։

7. Ուսուցման բացակայություն

Աշխատակիցների հանդեպ անտարբերության վերաբերյալ հարցերին պատասխանելիս շատ ղեկավարներ օգտագործում են «վստահություն», «անհատական աշխատանք» և «պարտականությունների բաշխում» արտահայտությունները, սակայն դա պարզապես անհեթեթություն է։ Ղեկավարը պետք է առաջնորդի իր ենթակային՝ անկախ վերջինիս պատասխանատվության զգացումից և տաղանդից։ Նա պետք է միշտ լսի և իր կարծիքն արտահայտի՝ այդ կերպ աշխատակցին նոր բաներ սովորեցնելով։

8. Ստեղծագործ մոտեցումներին հակազդում

Տաղանդավոր աշխատակիցները միշտ էլ փորձում են բարելավել այն, ինչի հետ աշխատում են։ Եթե դուք չթողնեք նրանց դա անել, ապա նրանք շատ արագ կսկսեն ատել իրենց աշխատանքը։ Ստեղծագործական պոռթկումները զսպելու փորձերը վնասում են բոլորին՝ ներառյալ ղեկավարությանը։

9. Բարդ և հետաքրքիր առաջադրանքների բացակայություն


Լավ ղեկավարները շատ հաճախ իրենց աշխատակիցներին տալիս են առաջին հայացքից անհաղթահարելի առաջադրանքներ։ Նրանք հրաժարվում են սովորական պրոյեկտներից, աշխատակցին հանում են վերջինիս հարմար միջավայրից, իսկ հետո ամեն ինչ անում են, որպեսզի օգնեն աշխատակցին հաղթահարել առաջադրանքի բոլոր բարդությունները։ Միշտ հիշեք, որ եթե խելացի մարդուն ստիպեք միապաղաղ աշխատանքով զբաղվել, նա կսկսի նոր աշխատանք փնտրել՝ իր ունակություններն ամբողջովին օգտագործելու համար։

Եզրահագնում

Եթե ցանկանում եք Ձեզ մոտ պահել թանկագին կադրերին, ապա ստիպված կլինեք վերանայել Ձեր վերաբերմունքը նրանց նկատմամբ։ Հիշեք, որ տաղանդն ընտրության անսահման հնարավորություն է տալիս, և այնպես արեք, որ տաղանդավոր մարդիկ ընտրեն հենց Ձեզ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել