Մարդ արարածը պատմության ողջ ընթացքում հակված է եղել հավատալու գերբնական ուժերին, սատանային և նրա մեղսակիցներին: Խավարի ուժերի ամենահայտնի արտահայտություններից մեկը դարձավ կախարդի կերպարը, որը «շահագործվում էր» միջնադարյան ժամանակաշրջանում: Որոշ աղբյուրներ կախարդներին ներկայացնում են գեղեցիկ և խնամված կնոջ տեսքով, որոնք ունեին գրավիչ դիմագծեր ու գեղեցիկ մարմին՝ այնպիսին, ինչպիսին ուներ Բուլգակովի Մարգարիտան: Այլ աղբյուրներում կախարդները ծեր, զառամյալ, զայրացկոտ տատիկներ էին, որոնք ապրում էին անտառային տներում և մոտակա գյուղերին չարիք էին պատճառում: Սակայն կար մի հատկանիշ, որը միավորում էր երկու տեսակին էլ. երկուսն էլ կանայք էին:

Ինչու էր հենց կինը դարձել միջնադարյան այս լայնատարած միֆի «զոհը»: Նախևառաջ՝ սուրբ գրություններոէմ կանայք միծտ երկրորդական դեր են ունեցել, իսկ ըստ Աստվածաշնչի՝ հենց կինն էր, որ գործեց աշխարհում առաջին մեղքը.  "Կինը պետք չէ որ ուսուցանի կամ ամուսնուն ղեկավարի, քանզի սկզբից տղամարդն էր ստեղծվել, հետո կինը ու կինն այդ գայթակղել էր Ադամին, հանցանք ու մեղք գործելով" (Թիմ.,2, 12-14): Երկրորդ՝ կանայք դեռ Հռոմեական կայսրության ժամանակներում սահմանափակ իրավունքներ ու ազատություններ ունեին, որի մասին վկայում են այն ժամանակների իրավական նորմերը:

Այսպիսով՝ կինը չուներ իրավունքներ ու ազատություններ և մեղքի ստեղծարարն էր: Միջնադարե կաթոլիկության պիկն էր, հետևաբար դատապարտում էին ու ապստամբում էին կախարդության կամ մոգության յուրաքանչյուր դրսևորման դեմ, որոնք էլ վերագրում էին «սատանայի ծառաներին»: Այստեղ առաջ էր գալիս մարդկային հոգեբանությունն ու հալածանքի օբյեկտ էին դառնում շատ կանայք:

Այժմ, հաշվի առնելով նույն հոգեբանությունը, կրոնի ազդեցությունն ու նաև դարավոր իրավական անհավասարությունը, կարելի է հասկանալ, թե ինչու հենց կանայք դարձան «հետապնդման» հիմնական օբյեկտ: Տանը հարվածում էր կայծակը՝ մեղավոր էր հեռվից նայող ծեր կինը, հեռացել էր մեկի ամուսինը՝ մեղավոր էր աղջիկը, ով սիրո ըմպելիք էր հեռվում պատրաստում, հիվանդացել էր անասունը՝ մեղավոր էր հարևանուհին, ով նախանձ էր և չարիք էր կամենում:

Հարկավոր է նաև հաշվի առնել եկեղեցու ազդեցության գործոնը, որը միջնադարյան պետության հիմքն էր կազմում և դրա ներսում ամենահզոր գործող մեխանիզմն էր: Տիրող աղքատության և թշվառության ֆոնին նպաստավոր էր միֆ ստեղծել «ժողովրդի մեջ հայտնված սատանայի սպասավորների մասին», որոնք ամեն չարիքի պատճառն էին: Բոլոր պատերազմները, ազգային դժբախտությունները և թշվառությունը վերագրվում էին կախարդությանն ու մոգությանը:

Այս կերպով էլ կազմավորվեց միջնադարյան շրջանի ամենամեծ տարածում գտած միֆերից մեկը՝ կանանց կողմից կատարվոգ կախարդությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել