Tert.am-ը գրում է.

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Ադյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով պարտավորեցրել է Հայաստանի իշխանություններին 12.000 եվրո վճարել հայցվորներին: Այդ մասին հայտնում է ՄԻԵԴ-ի կայքը:

Հայաստանի Հանրապետության դեմ բողոքը ներկայացրել էր Հայաստանի չորս քաղաքացի՝ Արթուր Ադյանը, Գարեգին Ավետիսյանը, Հարություն Խաչատրյանը և Վահագն Մարգարյանը՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածի հիման վրա՝ 2011 թվականի դեկտեմբերի 6-ին:

Հայցվորները ՄԻԵԴ-ում բողոքել են, որ իրենց նկատմամբ կայացված դատավճիռները խախտել են կոնվենցիայի 9-րդ հոդվածը, և նրանց կալանքը հիմնված է եղել դատարանների կողմից կարծրատիպային փաստարկների վրա:

Հայցվորները եղել են «Եհովայի վկաներ» կազմակերպության անդամ, երկուսը՝ Երևանից, մեկը՝ Ծաղկավանից, մյուսը՝ Կապանից:

2011 թվականի մայիսին և հունիսին նրանց կանչել են զինվորական ծառայության, նրանք չեն ներկայացել՝ փոխարենը նամակներ ուղղելով զինկոմիսարիատ և շրջանային դատախազություն՝ հրաժարվելով զինվորական կամ այլընտրանքային ծառայության անցնել:

Հայցվորների դեմ զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու մեղադրանքներ են ներկայացվել, և նրանք դատապարտվել են ազատազրկման:

Նրանք պնդել են, որ իրենք Եհովայի վկաներ են, և եկել են եզրակացության, որ եվրոպական չափանիշներով՝ առաջարկվող ծառայությունը փաստացիորեն քաղաքացիական բնույթ չի կրել, քանի որ այն վերահսկել են զինվորական իշխանությունները: Նրանց հավատը, մինչդեռ, թույլ չի տվել նրանց ուղղակիորեն կամ անուղղակիորեն աշխատել ռազմական համակարգի համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել